Կոռուպցիոն ռիսկեր կան. Նիկոլ Փաշինյանը՝ Վիգեն Սարգսյանին
ԱԺ հայտարարությունների ժամին Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Պաշտպանության նախարարության կողմից սպաներին բնակարանների հատկացման գործընթացում կոռուպցիոն ռիսկեր կան:Պատգամավորն ասաց, որ իրեն են դիմել զինված ուժերի մի քանի տասնյակ պաշտոնաթող սպաներ, որոնք թոշակի են անցել: Նրանք 500 սպաների անունից բարձրաձայնել են իրենց բնակարանային խնդիրների մասին: Փաշինյանը ներկայացրեց խնդիրը՝ ծառայության ընթացքում սպաները հերթագրվում են, որպեսզի բնակարաններ ստանան, բայց հերթերն այնքան մեծ են, որ 20 տարվա ընթացքում նրանց հերթը չի հասնում: Հենց սպան զորացրվում է, նրան հանում են այդ հերթացուցակից, ներառում այլ ցուցակ, ինչի հետևանքով, մարդը կորցնում է իր հերթը, ինչը նշանակում է, որ գործընթացը պետք է սկսել զրոյից: «Սա դավաճանություն է սեփական ժողովրդի նկատմամբ, դավաճանություն է վաղվա բոլոր սպաների նկատմամբ, որոնք հստակ գիտակցելու են, որ վաղը բյուջեում իրենց համար էլ փող չի լինելու և հանգիստ դեն են նետվելու ազգի ողնաշարը ջարդողների կողմից, նորովի հոկտեմբերիկ, պիոներ ճառողների կողմից»,- սպաների նամակը ընթերցեց Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի խոսքով՝ անվտանգությունը ոչ թե 80-ական թվականների զենքերն են, այլ սպաների սոցիալական կարգավիճակը:
