Հանցավորության թիվը նվազել է, բայց վտանգավոր հանցատեսակներինը՝ աճել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր մեկնարկելիք Ազգային ժողովի հերթական նիստերի օրակարգում ընդգրկվել է ՀՀ դատախազության գործունեության և Քննչական կոմիտեի տարեկան հաղորդումը։
Քննարկման է դրվելու ՀՀ դատախազության գործունեության մասին հաղորդումը․ ընդհանուր հանցավորությունը նվազել է, սակայն մի շարք ծանր և հանրային մտահոգություն առաջացնող հանցատեսակներ զգալի աճ են արձանագրել։
Ըստ հաղորդման՝ 2025 թվականին Հայաստանում գրանցվել է 40 հազար 722 հանցագործություն, ինչը նախորդ տարվա համեմատ 3,2 տոկոսով պակաս է։ Նվազում է արձանագրվել նաև խուլիգանության դեպքերում․ եթե նախորդ տարի գրանցվել էր 877 դեպք, ապա այս տարի այդ թիվը կազմել է 777։
Սակայն ընդհանուր նվազման ֆոնին հատկապես մտահոգիչ է թմրամիջոցների ապօրինի շրջանառության կտրուկ աճը։ Դեպքերի թիվը հասել է 4595-ի՝ մեկ տարվա ընթացքում ավելանալով 685-ով կամ 19,7 տոկոսով։ Առավել ընդգծված է իրավիճակը Երևանում, որտեղ արձանագրվել է 2467 դեպք՝ 38,1 տոկոս աճով։
Աճել են նաև թմրամիջոցների իրացման նպատակով կատարվող հանցագործությունները։ Այդպիսի դեպքերի թիվը հասել է 2426-ի, որոնցից 1536-ը գրանցվել է մայրաքաղաքում։ Միայն Երևանում այս ցուցանիշն աճել է 30,5 տոկոսով։
