Ելքի քայլերը. բացահայտում է Մարուքյանը
Եթե Ելք դաշինքի՝ հունվարի 19-ին կայանալիք երթի արդյունքում իշխանությունները զիջումների չգնան, կլինեն ավելի մեծ զանգվածային միջոցառումներ, չի բացառվում նաև նստացույցը: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Այսօր արդեն սկսել են բողոքել երթուղային գծատերերը, և բնական է, եթե վարորդները բողոքում են, ուրեմն գծատերերն են բողոքում: Մենք ի՞նչ ենք ասում, մենք ասում ենք՝ այս թանկացումները բոլորիս են վերաբերում, կապ չունի ով ինչ քաղաքական հայացքների տեր է, կապ չունի ով ում է ընտրել ընտրությունների ժամանակ»,- ասաց նա: Մարուքյանի խոսքով՝ իշխանությունները զիջումների կգնան միայն այն դեպքում, երբ մեծ պայքար լինի: Իսկ զիջումն, ըստ նրա, պետք է լինի այն, որ Հարկային օրենսգրքում փոփոխություններ պետք է արվեն: «1000 խմ սեղմած գազի ակցիզային հարկը 25 հազար դարձնելը նշանակում էր, որ այն ազդեցություն ունենալու է, և այսօր դա երևում է: Եվ հիմա հանրային տրանսպորտը սպասարկող ընկերությունները կանգնած են շատ լուրջ խնդրի առաջ, որովհետև մի կողմից կա քաղաքական որոշում՝ թույլ չտալ թանկացնել ուղեվարձը, բայց մյուս կողմից կա հարկային փոփոխությունը, որով 3 անգամ թանկանում է ակցիզային հարկը»,- ասաց նա:
