Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող ավտաբուսի վթարի պատճառի մասին
Նախօրեին Մասիս–Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտաբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթը՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով: Նախաքննության ընթացքում նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Քննչական կոմիտեից։
NEWS.am–ի տեղեկություններով, վթարի պատճառ է դարձել ավտոբուսի արգելական համակարգի անսարքությունը․ վարորդը չի կարողացել արգելակել ավտոբուսն ու բախվել է գազատար խողովակին։
Վթարի հետևանքով տուժել է 6 քաղաքացի։ Նրանք Հովտաշատ և Սիփանիկ գյուղերի բնակիչներ են։ Գյուղերի վարչական ղեկավարները NEWS.am–ի հետ զրույցում հայտնեցին, որ բնակիչները մարմնական թեթև վնասվածքներ են ստացել, նրանք չեն հոսպիտալացվել, իրենց լավ են զգում։
Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Սիս-Սիփանիկ ավտոճանապարհին Արմավիրի մարզի բնակիչ 68-ամյա Գագիկ Ա․-ն իր վարած, Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել, ինչի հետևանքով վնասվել է նաև գազատար խողովակը։
