Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի
Մեծ Բրիտանիայի կառավարությունը դատապարտել է մարտին Ռուսաստանի կողմից բրիտանացի մեկ այլ դիվանագետի արտաքսելու որոշումը՝ այն անվանելով «անհիմն»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Մեծ Բրիտանիայի կառավարությունը։
«Մենք խստորեն դատապարտում ենք նախորդ ամիս Ռուսաստանի կողմից բրիտանացի մեկ այլ դիվանագետի արտաքսելու անհիմն որոշումը և դրան հաջորդած չարամիտ հանրային զրպարտող արշավը: Այս վարքագիծն ամբողջովին անընդունելի է, և մենք չենք հանդուրժի մեր դիվանագիտական անձնակազմի նկատմամբ ոտնձգություններ կամ սպառնալիքներ», – հայտարարել է Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը։
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Ռուսաստանի դեսպանը կանչվել է խորհրդակցության, որի ընթացքում նրան կտեղեկացնեն ձեռնարկվող փոխադարձ գործողությունների մասին՝ չեղյալ համարելով ռուս դիվանագետներից մեկի հավատարմագրումը:
«Ռուսաստանի կողմից կրկնվող, չհրահրված և անհիմն գործողություններն ուղղված են մեր դիվանագիտական աշխատանքի խաթարման դեմ և կազմում են Մեծ Բրիտանիայի նկատմամբ ագրեսիվ վարքագծի ավելի լայն արշավի մաս: Ռուսաստանի կողմից ցանկացած հետագա գործողություն կդիտարկվի որպես սրացում և կբախվի վճռական և համաչափ պատասխանի», – նշված է հայտարարության մեջ:
Մոսկվան մարտին արտաքսել էր բրիտանացի դիվանագետի, որն, ըստ Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայություն աշխատակիցների, զբաղվել է հետախուզական գործունեությամբ։
