Բյուրեղավանի խմելու ջրի աղտոտման դեպքով քրեական վարույթ է հարուցվել
Բյուրեղավանի խմելու ջրի օգտագործման հետևանքով «Աբովյան» ԲԿ-ում հոսպիտալացված 28 քաղաքացիներից 25-ը դուրս են գրվել, մյուս 3-ը նույնպես շուտով դուրս կգրվեն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։
Չնայած նրան, որ 1 շաբաթ առաջ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել էր, որ Բյուրեղավանում խմելու ջրի հետ կապված որևէ շեղում չի հայտնաբերվել, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից այսօր հայտնել են, որ իրականացված խմելու ջրի նմուշառման մեջ հայտնաբերվել են շեղումներ՝ կոլիֆորմ մանրէներ։ Կենսաբանական նմուշների հետազոտություններով հայտնաբերվել են ռոտավիրուս, ադենովիրուս, ինչպես նաև էնտերոհեմորագիկ և էնտերոախտածին կոլի խմբի ախտածիններ։
«Բուժհաստատություններից դուրս գրված բուժառուների վիճակը բավարար է, բժիշկների հետ պարբերաբար կապի մեջ են, նոր դեպքեր չեն արձանագրվել, հիվանդության տարածվելու գործընթացը մարում է»,- հավելեց Բյուրեղավանի պոլիկլինիկայի տնօրեն Արմեն Վարդումյանը։
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այսօր ասել է, որ Բյուրեղավանում աղիքային վարակի տարածման առթիվ քրեական գործ է հարուցվել։
Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 1-ի մասի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը) հատկանիշներով:
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին՝ ժամը 19:00-20:00-ից սկսած, Բյուրեղավանում եղել են շտապօգնության բազմաթիվ կանչեր: Գանգատները եղել են նույնը՝ փսխումներ, սրտխառնոց, ջերմություն, որոնք երբեմն ուղեկցվել են լուծով: Ապրիլի 23-ին նույն ախտանշաններով ահազանգերի թիվը հասել էր 63-ի։
