Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի քրեակատարողական համալիր. Մանրամասներ
Ռուբեն Վարդանյանին տեղափոխել են Ումբակի բանտային համալիր: Լուրը Aysor.am-ի հետ զրույցում հաստատել է իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
Նա նշեց, որ տեղեկությունը փոխանցել է Ռուբեն Վարդանյանի ընտանիքը՝ Վարդանյանի հետ ունեցած հեռախոսազրույցից հետո։
«Ըստ էության, դատավճիռն օրինական ուժ է ստացել, և հայ գերիները, ըստ Ադրբեջանի օրենսդրության՝ համարվում են արդեն ոչ թե խափանման միջոցի ներքո գտնվող կալանավորներ, այլ՝ դատապարտյալներ։ Դա հանգեցնում է նաև Քրեակատարողական հիմնարկի փոփոխության»,-ասել է Սիրանուշ Սահակյանը։
Aysor.am-ի զրուցակիցը հավելել է նաև, որ նախկինում դատապարտված հայերի դեպքում ևս նման պրակտիկա է կիրառվել. «Օրինակ, 2020 թվականից գերեվարվածները այս պահին ևս գտնվում են Ումբակի քրեակատարողական հաստատությունում։ Ըստ էության, ԱԱԾ քննչական մեկուսարանից տեղափոխում է եղել Արդարադատության ենթակայության ներքո գտնվող մեկ այլ հաստատություն»։
