Վրաստանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ
ԵՄ դեսպան Պավել Հերչինսկին կանչվել է Վրաստանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված ավելի վաղ իր արած արտահայտություններից մեկի հետ։ Մասնավորապես, Հերչինսկին լրագրողներին ասել էր, որ Եվրամիությունը չպետք է թույլ տա, որ վրաց ժողովուրդը «վերադառնա բռնության, քաղաքացիական պատերազմի, աղքատության, կոռուպցիայի և մութ ժամանակների»։
Վրաստանի իշխանությունները դեսպանի խոսքերը ընկալել են որպես սպառնալիք երկրի բնակչությանը։
Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը, ԵՄ դեսպանի հետ հանդիպել է Վրաստանի փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին։ ԵՄ դիվանագետը ԱԳՆ շենք մտնելուց առաջ մամուլի համար որևէ հայտարարություն չի արել։
2024 թվականի մայիսին Վրաստանի խորհրդարանն ընդունեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչից հետո սկսեցին լարվել երկրի հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ։
Եվրամիությունը բազմիցս կոչ է արել Թբիլիսիին հրաժարվել այս օրենքից, սակայն իշխող «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցության առաջնորդները մշտապես պնդում են, որ օրենքի նպատակն է ապահովել Վրաստանում գործող ՀԿ-ների ֆինանսական հոսքերի թափանցիկությունը, քանի որ այդ ՀԿ-ներից մի քանիսը փորձել են երկրում հեղափոխություն կազմակերպել։
2024 թվականի հոկտեմբերի 26-ին «Վրացական երազանք – ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հաղթեց խորհրդարանական ընտրություններում՝ ապահովելով օրենսդիր մարմնի 150 տեղերից 89-ը։ 2024 թվականի նոյեմբերին կուսակցությունը որոշեց կասեցնել ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները մինչև 2028 թվականը և հրաժարվել ԵՄ-ի կողմից տրամադրվող բոլոր բյուջետային դրամաշնորհներից։
