Արաղչին պակիստանցի պաշտոնյաների հետ քննարկել է հրադադարի վերաբերյալ հարցեր
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Իսհաք Դարի և Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արաղչին նշել է իր Telegram ալիքում։Հեռախոսազրույցների ընթացքում քննարկումներ են ընթացել տարածաշրջանային զարգացումների և հրադադարի հետ կապված հարցերի շուրջ։
Իսհաք Դարը հեռախոսազրույցի վերաբերյալ X-ում գրառման մեջ նշել է, որ կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների, հրադադարի և Իսլամաբադի կողմից ԱՄՆ-Իրան փոխգործակցության համատեքստում իրականացվող դիվանագիտական ջանքերի վերաբերյալ։
Նա ընդգծել է շարունակական երկխոսության և փոխգործակցության կարևորությունը՝ չլուծված հարցերը կարգավորելու նպատակով, որպեսզի հնարավորինս շուտ առաջ մղվի տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը։
Գրառման մեջ նաև նշվում է, որ Իրանի ԱԳ նախարար Արաղչին բարձր է գնահատել Պակիստանի հետևողական և կառուցողական միջնորդական դերն այս հարցում։
Պակիստանն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ Իրանի և ԱՄՆ-ի միջև՝ նպատակ ունենալով նպաստել երկկողմ բանակցություններին։
Այդ ջանքերի շրջանակում Պակիստանի միջնորդությամբ ապրիլի 11-12-ին Իսլամաբադում տեղի են ունեցել ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև բանակցություններ, սակայն համաձայնության հասնել չի հաջողվել։Այժմ Պակիստանը փորձում է ամերիկացի և իրանցի պաշտոնյաներին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ։
