Վրաստանի հայ համայնքին թույլ չեն տվել հանրահավաք անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ
Վրաստանի հայ համայնքը հայտարարել է, որ իրենց մերժվել է ապրիլի 24-ին՝ Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Թուրքիայի դեսպանատան դիմաց խաղաղ ցույց անցկացնելու թույլտվությունը։ Այս մասին հայտնում է ekhokavkaza.com-ը։
Համայնքի խորհրդի անդամ Ժանետա Բաղդասարյանի խոսքով՝ նրանք սահմանված ժամկետներում գրավոր դիմումներ են ներկայացրել քաղաքապետարան և Ներքին գործերի նախարարություն, սակայն մերժվել է ցույցը պահանջվող վայրում անցկացնելու թույլտվությունը։
Ժանետա Բաղդասարյանը «Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությանը հայտնել է, որ իրենք չեն քննարկում հանրահավաքը որևէ այլ տեղ անցկացնելու հարցը։ Նրանց համար կարևոր էր հանրահավաքն անցկացնել Թուրքիայի դեսպանատան մոտ, ինչպես դա արել են վերջին քսան տարիների ընթացքում։
«Հայ համայնքը հրաժարվում է հանրահավաքն անցկացնել որևէ այլ տեղ։ Հետևաբար, մենք ոչինչ չենք պլանավորում անցկացնել», – ասել է Բաղդասարյանը։
