Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը հայտարարել են փոխադարձ հարվածների մասին
Իսրայելական ուժերն ապրիլի 24-ի լուսաբացին ռմբակոծել են Լիբանանի հարավում գտվող մի քանի բնակավայր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Յատար բնակավայրի հրետակոծության հետևանքով երկու մարդ է վիրավորվել։
«Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ հրետանային կրակով թիրախավորել է լիբանանյան Բինթ Ջբեյլ շրջանում գտնվող իսրայելցի զինվորների հավաքատեղին և տրանսպորտային միջոցները։
Բացի այդ, «Հեզբոլլահ»-ը հրթիռային հարվածով թիրախավորել է Իսրայելի հյուսիսում գտնվող Շտուլա բնակավայրը։
«Իսրայելի կողմից հրադադարի խախտման և երկրի հարավում գտնվող Յատար գյուղի հրետակոծությանն ի պատասխան՝ դիմադրության մարտիկները հրթիռներ են արձակել Շտուլա գյուղի վրա», – ասվում է հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը 3 շաբաթով երկարաձգելու մասին հայտարարությունից հետո ամերիկյան լրատվամիջոցների հետ զրույցում ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնն ասել է, որ հրադադարի հետ կապված իրավիճակը «100 տոկոսով կայուն չէ»։
«Լիբանանի կառավարությունը որևէ վերահսկողություն չունի «Հեզբոլլահ»-ի նկատմամբ», – CNN-ի հետ հարցազրույցում ասել է Դենի Դանոնը։
««Հեզբոլլահ»-ը հրթիռներ է արձակում՝ փորձելով խափանել հրադադարը, և Իսրայելը պետք է հակահարված տա։ Ամեն անգամ, երբ մենք սպառնալիք ենք տեսնում, մենք գործողություններ ենք ձեռնարկում», – շեշտել է նա։
