Հայաստանում գրանցվել է սուր-շնչառական հիվանդությունների, այդ թվում` գրիպի աճ. վարակաբան
ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբան Արա Ասոյանը Հայելի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց, որ այս օրերին մենք ունենք սուր շնչառական հիվանդությունների՝ այդ թվում գրիպի աճ: «Վերջին օրերին Հայաստանում գրանցվել է սուր-շնչառական հիվանդությունների, այդ թվում` գրիպի աճ: Դրա ավելացմանը նպաստում է նաև այն հանգամանքը, որ Նոր տարվա օրերին մարդկանց շփումներն ավելանում են, և վարակը ավելի շատ է տարածվում։ Իհարկե, տարվա ցուրտ ամիսները նույնպես կապ ունեն` վիրուսը իրեն շատ ավելի լավ է զգում հենց այս ժամանակահատվածում»,- ասաց Ասոյանը: ՀՀ ԱՆ գլխավոր վարակաբանի խոսքով կա նաև ճշմարտություն, այն կարծիքի մեջ, որ եթե ձյուն գա՝ վիրուսը կվերանա: «Որևէ գիտական հիմնավորում չկա, որ ձյան գալը նպաստում է վիրուսի ոչնչացմանը, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ այն օրերին, երբ ձյուն է տեղում, այդ օրերից նկատվում է գրիպի հիվանդության նվազում»,- ասաց վարակաբանը: Խոսելով այն մասին, որ գրանցված հիվանդների մեծ մասը երեխաներն են, Արա Ասոյանը փաստեց. «Բուժհաստատություն դիմողների մեծ մասը երեխաներ են: Դա պայմանավորված է նրանով, որ երեխաները մի փոքր ավելի բարդ են տանում սուր շնչառական հիվանդությունները, ինչպես նաև երեխաների նկատմամբ ուշադրությունը ավելի մեծ է»,- ասաց նա:
