«Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
«Աշխույժ, շատ աշխատասեր, ընկերասեր տղա էր։ Թե՛ Ռուսաստանում, թե՛ Հայաստանում հրաշալի շրջապատ ուներ, նվիրված մարդ էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում էր տիկին Մարինեն՝ Գևորգի մայրիկը։
Գևորգը ծնվել է Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում։ Ընտանիքը տեղափոխվել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ Գևորգը դպրոց է հաճախել։ «Մինչև հինգերորդ-վեցերորդ դասարանն այնտեղ է դպրոց հաճախել, այնուհետև վերադարձել ենք Հայաստան։ Հաճախել է այն ժամանակ ռուսական, այժմ Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոց։ Հիմա դպրոցի բակում հուշակոթող, իսկ դպրոցում դասասենյակ ունեն՝ զոհված տղաների լուսանկարներով։ Գևորգս ընդունակ աշակերտ էր, իսկ դպրոցն ավարտելուց հետո ընդունվեց Ավիաուսումնական կենտրոն։ Ծառայել է Արցախում, նախ՝ Շուշիում, հետո տեղափոխվեց Ակնա։ Նա կրտսեր սերժանտ էր։ Ծառայությունից վերադառնալուց հետո ուսումը չշարունակեց, մեկնեց Ռուսաստանի Դաշնություն, բայց այնտեղ երկար չմնաց, վերադարձավ Հայաստան։ Տիրապետում էր օտար լեզուների, միշտ ինքնակրթությամբ էր զբաղվում, ավելիին էր ձգտում, բայց չարաբաստիկ պատերազմը թույլ չտվեց հասնել երազանքների իրականացմանը»։
Մինչև հոկտեմբերի 7-ը ընտանիքը զրուցել է Գևորգի հետ։ «Այդ օրը խոսել ենք իր հետ։ Երկար չխոսեց, երկու բառ փոխանակեցինք. «Մամ, դեռ էլի մարդու պետք է զանգեմ, երկար խոսել չեմ կարող»։ Հոկտեմբերի 8-ին արդեն իրենից զանգ չստացանք։ Հոկտեմբերի 9-ի առավոտյան շատ անհանգիստ էի։ Չգիտեմ, թե ինչու, բայց իր անունն անընդհատ փնտրում էի զոհված տղաների անունների ցուցակում։ Ինձ թվում էր, որ իրեն ինչ-որ բան է պատահել։ Առավոտյան արթնացել էի, և կարծես ինչ-որ մեկն ինձ ասեր՝ գնա եկեղեցի։ Գնացի եկեղեցի մոմ վառելու, մի տեսակ կարծես օդերում լինեի այդ օրը»։
Գևորգը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում։ «Ընկերը՝ Կարենն է պատմում՝ միշտ իր հագուստը տալիս էր ժամկետային զինծառայողներին, միշտ Գևորգն էր գնում սննդի հետևից»։ Բայց տղաները շրջափակման մեջ են հայտնվել։ «Միայն մեկ ճանապարհ է եղել, որով կարող էին դուրս գալ։ Գևորգն ասել է՝ դուք գնացեք, ես կպահեմ ձեր թիկունքը»։ Ավաղ, Գևորգն անմահանում է դիպուկահարի կրակոցից։ «Նաև պայթյուն է եղել, իր ընկերը՝ Սուրենը, վիրավորվել է։ Հետո նա ինձ ասաց՝ Գևորգն ինձ փրկեց։ Գևորգը նաև թշնամու կողմն անցնելով՝ կարևոր նյութեր է բերել»։ Մայրիկն ասում է՝ անվերջ կարելի է պատմել մարտի դաշտում որդու գործողությունների մասին։ «Մեկ-մեկ մտածում եմ՝ ինչերի՜ միջով է տղաս անցել»։
Տիկին Մարինեին որդու հեռախոսն է հասել։ Գևորգն իր հեռախոսից ջնջել է ամբողջ ինֆորմացիան, պահել միայն մարտի դաշտում արված լուսանկարները, խնդրել դրանք փոխանցել մայրիկին։ Ընկերները նաև նույն օրը մարտի դաշտից դուրս են բերել Գևորգի մարմինը, հոկտեմբերի 9-ին նա արդեն Էջմիածնում է եղել։
Գևորգը եղբայր և քույր ունի։ Երբ տիկին Մարինեին հարցնում եմ, թե ինչը դարձավ կյանքի առաջ մղող ուժը, արձագանքում է՝ թոռնիկները։ «Չէի ուզում իրենց մոտ լաց լինել, տանից դուրս էի գալիս, գնում ինչ-որ տեղ, երբեմն անգամ ցանկություն կար գոռալով լաց լինելու։ Եթե տանը լաց էի լինում, փոքր թոռնիկս միշտ գալիս, արցունքներս սրբում էր։ Արդեն ահագին ժամանակ էր անցել, Երևան էի գնացել գործերով, պետք է վերադառնայի տուն, կողքերս նայեցի, հասկացա, որ անծանոթ միջավայրում եմ։ Տաքսի նստեցի, գնացի Եռաբլուր։ Մի կողմում հուղարկավորություն էր, մյուս կողմում՝ սգացող ծնողներ։ Սթափվեցի՝ մենակ չեմ, իմ նման հարյուրավոր ծնողներ կան։ Մի քիչ իմ մեջ ուժ գտա, որ պետք է ապրեմ»։
Հ. Գ. - Կամավոր Գևորգ Ինջիղուլ յանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, պարգևատրվել է նաև ՀԿ-ների կողմից։ Հուղարկավորված է Գրիբոյեդով գյուղի պանթեոնում։
