Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
«Երեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան փակվելուց շուրջ 2 տարի անց աշխատակազմը չի ստացել աշխատավարձը․ շուրջ կես տարվա աշխատավարձ են պարտք:
Մեզ ահազանգել էր ծննդատան նախկին աշխատակից՝ անեսթեզիոլոգ Հայկանդուխտ Գրիգորյանը՝ որ չնայած քաղաքապետարանը խոստացել է վճարել, բայց հետո հրաժարվել է, թե ծննդատան նախկին կառավարիչն է պատասխանատու։
Մեր հրապարակումից հետո քաղաքապետարանից կոլեկտիվին խոստացել են, որ միջոցներ կձեռնարկեն։ Ծննդատունը 2020-ից հանձնված է եղել հավատարմագրային կառավարչին: 2022-ից կառավարիչն իր պարտավորությունները չի կատարել, եւ քաղաքապետարանը սկսել է պայմանագրի խզման գործընթաց։ Ապա ընթացել է դատական պրոցես, որն ավարտվել է 2024 թ. ապրիլի 29-ին:
Ծննդատան կառավարումը 2024 թ. մայիսի 1-ից անցել է քաղաքապետարանին, հուլիսի 14-ին առողջապահության նախարարի հրամանով կասեցվել է գործունեությունը: 2 տարի է՝ կոլեկտիվը չի ստացել կես տարվա աշխատավարձերը, դիմել են դատարան, որը պարտավորեցրել է վաճառել գույքը եւ վճարել գումարները, սակայն ԴԱՀԿ-ն քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ: Քաղաքապետարանից ասել են, թե ԴԱՀԿ-ն պարտատերերի ցանկն է պահանջել եւ խոստացել, որ կվճարեն աշխատավարձերը:
«Երեկ մեզ քաղաքապետարանից ասացին, որ ցուցակը դեռ չեն ստացել, խոսքը մոտ 180 մլն դրամ պարտքի մասին է։ Թվում է, թե ԴԱՀԿ-ն է պատասխանատու, բայց, մյուս կողմից, քաղաքապետարանի կառավարման տակ է եղել ԲԿ-ն։ Անհասկանալի թնջուկի մեջ ենք հայտնվել»,- ասաց Հայկանդուխտ Գրիգորյանը՝ հավելելով, որ քաղաքապետարանը միլիարդների պարգեւավճարներ է բաժանում, բայց ընդամենը 180 մլն դրամ աշխատավարձը հրաժարվում է վճարել» ։
