Ապաքաղաքական ընտրություն չի լինում. կարևոր անելիքի մասին
Նիկոլը շատ լավ գիտի, որ երեք առաջատար ընդդիմադիր ուժերի՝ «Ուժեղ Հայաստանի», ԲՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի համատեղ վարկանիշն այս պահին մոտ է 50 տոկոսին։ Դա նշանակում է, որ նա առնվազն 1 մլն մարդու այսօր վիրավորել է։
Հասկանալով է արել։ Չի´ քաշվել, չի´ խորշել, չի վախեցել՝ մեկ պարզ պատճառով. այս պահին ակտիվ պայքարողների թիվը բավարար քանակի չէ։ Ընդհանուր հանրային ֆոնը եթե նկատի ունենանք՝ նրա իշխանությունն արդեն պարտվել է, բայց փոփոխությունների մեքենան դեռ բավարար հզորության չէ։ Նիկոլը սա շատ լավ գիտի։
Մշտապես դիտորդ շերտերը, «ով հաղթի՝ նրա կողմը» անցնողները, «քաղաքականությամբ չզբաղվողները», չկողմնորոշվածները դեռ շատ են։ Փոփոխություններ ուզողները, երազողները՝ նույնպես, բայց նրանց հավասարակշռում են պրոցեսներին չմասնակցողները, «շառից փորձանքից հեռու» մնացողները, իրենց մասնակցությունը չտեսնողները։
Սա գուցեև ազգային հատկանիշ է, բայց նաև՝ հիմնական ընդդիմադիր ուժերի՝ առայժ ոչ բավարար մենեջմենթի արդյունք։
Ընդդիմադիր ուժերը պիտի հիմա իրենց ուժերն առավելապես կենտրոնացնեն ընտրողի հետ անկեղծ ու դինամիկ աշխատանքի վրա։
Ակտիվ հանրային շերտերն էլ իրենց հերթին, անկախ քաղաքական նախասիրություններից, պիտի աշխատեն իրենց մտերիմ ապաքաղաքական շրջանակների հետ։ Մարդկանց պետք է բացատրել, որ սա իրադարձությունների վրա իրենց ազդելու վերջին ու ամենակարևոր հնարավորությունն է։
Մենք սա ասում էինք 2020-ին՝ մինչև պատերազմը, զգուշացնում էինք 2021թ. ընտրություններին ընդառաջ, ահազանգում էինք 2022-ի աշնանը, երբ Նիկոլը միանձնյա ստորագրեց Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարությունը ու արդեն հետո՝ շրջափակման ամբողջ ընթացքում։ Ցավոք, մեր հասարակությունը սովորել է իրադարձությունները պոստ-ֆակտում արձանագրողի իր դերին, որքան էլ այդ իրադարձությունները ողբերգական լինեն ու անմիջականորեն առնչվեն յուրաքանչյուրիս։
Այնպես որ, հանրային բոլոր շրջանակների հետ ակտիվ աշխատանքի ամենապատասխանատու փուլը պետք է համարել բացված։ Մեր բոլորի խնդիրն է՝ ներգրավել բավարար քանակի ակտիվ քաղաքացիների։
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ
