Թուրքիայի և Ադրբեջանի հակասությունները Կոսովոյի անկախության հարցում
«Գեղարդ» հիմնադրամը հոդված է հրապարկել․
«Կոսովոյի խորհրդարանն անկախության մասին հռչակագիրն ընդունել է 2008 թվականի փետրվարի 17-ին։ Հաջորդ օրը Թուրքիան ողջունել է հռչակագրի ընդունումը և որոշել պաշտոնապես ճանաչել Կոսովոյի Հանրապետության անկախությունը։ Հետագա տարիներին Թուրքիան Կոսովոյի համար դարձել է անվտանգության երաշխավորներից մեկը: Անկարան Պրիշտինայի ռազմական առանցքային գործընկերն ու սպառազինության հիմնական մատակարարն է: Թուրքական ուժերը մեծապես ներգրավված են Կոսովոյի տարածքային և հասարակական անվտանգության ապահովման գործընթացներում: Թուրքիան, անշուշտ, Կոսովոյի հարցում ունի սեփական շահերը: Իր հերթին Կոսովոն Թուրքիան դիտարկում է որպես աջակից` ոչ միայն անվտանգության ապահովման և ռազմական ուժերը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցման հարցերում, այլև` անկախության միջազգային ճանաչման գործընթացում:
Ադրբեջանը, սակայն, չի կիսում Թուրքիայի մոտեցումներն այս հարցում: Դեռ 2008 թվականի փետրվարի 18-ին՝ Թուրքիայի կողմից Կոսովոյի անկախության ճանաչման օրը, Ադրբեջանը հայտարարել էր, որ ինքը չի ճանաչում Կոսովոյի անկախությունը։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել էր, որ Կոսովոյի ինքնակառավարման ժամանակավոր մարմնի կողմից Սերբիայից անջատման վերաբերյալ բանաձևը հակասում է միջազգային իրավունքին։
Անկախության միակողմանի հռչակման օրինականությունը քննարկելու նպատակով Հաագայի միջազգային դատարանում 2009 թվականին կայացած լսումների ժամանակ Բաքուն վերահաստատել էր իր դիրքորոշումը: Ադրբեջանական կողմի համոզմամբ` ներքին օրենքների խախտմամբ անջատում հայտարարող մարզը չի կարող համարվել պետություն:
Ադրբեջանի և Թուրքիայի մոտեցումներում նմանատիպ հակասությունները չեն սահմանափակվում միայն Կոսովոյի անկախության հարցով: «Եղբայրական» բնութագրվող այս երկու երկրների անհամաձայնություններն ընդգրկում են նաև Հայաստանի հետ կարգավորման գործընթացը, Հյուսիսայի Կիպրոսի Թուրքական Հանրապետության անկախությունը, Իսրայելի հետ հարաբերությունները, քրդական հարցը և այլն: Սակայն Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում Անկարան և Բաքուն կարողանում են իրենց քաղաքականությունները համադրել։ Թուրքական կողմը, օրինակ, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, թեկուզև Բաքվի ճնշմամբ, պայմանավորում է Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացով. Ադրբեջանի սերտ գործընկեր և քրդական պետության ստեղծման ջատագով Իսրայելի և նրա հակառակորդ Թուրքիայի միջև խնդիրները չեն խոչընդոտում նրանց տնտեսական համագործակցությանը, իսկ Հյուսիսային Կիպրոսի հարցում Բաքուն առերևույթ չի բացառում անկախության ճանաչումը: Կոսովոն այս համատեքստում ուշագրավ է նրանով, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ երբեք չի ճանաչի Կոսովոյի անկախությունը: Ավելին` հակամարտության մյուս կողմին՝ Սերբիային, դիվանագիտական աջակցություն է ցուցաբերում տարածքային ամբողջականության վերականգնման հարցում` արժանանալով սերբական կողմի գնահատանքին:
Ադրբեջանը Կոսովոյի հարցում ի սկզբանե որդեգրած քաղաքականությունը մեկնաբանել է Ղարաբաղի հակամարտության շրջանակներում: Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ քննարկումների ընթացքում Բաքուն փորձել է թույլ չտալ «նախադեպի» ստեղծումը: Դեռ 2007 թվականին ադրբեջանական կառավարությունը Եվրոպական միությանը (ԵՄ) կոչ էր արել մերժել Կոսովոյին անկախության կարգավիճակ տրամադրելու առաջարկները: Բաքուն անհանգստություն է հայտնել, թե Բալկանյան տարածաշրջանում այդօրինակ անջատումը կարող է Ղարաբաղի համար նախադեպ ստեղծել:
Այս քննարկման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը նշել էր, որ չնայած Կոսովոյի հարցը տարբերվում է «հայ-ադրբեջանական հակամարտությունից», սակայն միջազգային իրավունքի խախտմամբ տարածքային հարցի լուծումը` հօգուտ անջատման և անկախացման, կարող է բացասաբար անդրադառնալ Կովկասյան տարածաշրջանի վրա: ԵՄ-ին ուղղված կոչն ադրբեջանցի պաշտոնյան համեմել է շահագրգռությամբ` խոստանալով աջակցել եվրոպական երկրներին` դիվերսիֆիկացնելու էներգետիկ շուկան և նվազեցնելու կախվածությունը ռուսական գազից ու նավթից: Եվրոպացի պաշտոնյաները, տուրք տալով այս «գրավիչ» առաջարկին, ընդունել են, որ Ղարաբաղն «օկուպացված տարածք է», և Բաքվին վստահեցրել են, որ Կոսովոյի բանաձևը չի օգտագործվի ի վնաս հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների:
Սակայն եվրոպական երկրների հավաստիացումներն ու Կոսովոյի հարցում թուրքական մոտեցումները, փաստորեն, չեն կարողացել մեղմել Բաքվի անհանգստությունը։ Ադրբեջանը շարունակել է Թուրքիային և արևմտյան գործընկերներին հակառակ քաղաքականություն վարել բալկանյան այս հակամարտության հարցում։ Կոսովոյի անկախության վերաբերյալ քաղաքական դիրքորոշմանը համապատասխան՝ ադրբեջանական կողմը նաև ռազմական բնույթի «ըմբոստություն» է ցուցաբերել։ Իլհամ Ալիևի առաջարկությամբ և Միլլի մեջլիսի 2008 թվականի մարտի 4-ի որոշմամբ՝ ադրբեջանական 34 հոգանոց գումարտակը դադարեցրել է խաղաղապահ առաքելությունը Կոսովոյում տեղակայված թուրքական զորախմբի կազմում և վերադարձել Բաքու։
Հետագայում ևս, Սերբիայի հետ հարաբերությունների խորացմանը զուգահեռ, Ադրբեջանը չի հրաժարվել Կոսովոյի անկախությանը դեմ արտահայտվելուց և այդ դիրքորոշումը Ղարաբաղի հարցի հետ կապելուց։ Ավելին՝ 1999 թվականից, աշխարհաքաղաքական այլ պայմանների բերումով, Կոսովոյում տեղակայված ադրբեջանական խաղաղապահ առաքելության դուրսբերումը մեկնաբանվել և այսօր էլ հետահայաց կարող է մեկնաբանվել Ղարաբաղյան հակամարտության գործընթացի (Պրահայի գործընթաց) հետ ուղիղ առնչություն ունեցող, քանի որ, ինչպես հայտնի է, խաղաղապահ միջնորդությամբ Ղարաբաղյան հարցի լուծման տարբերակը քննարկելի է եղել նաև Կոսովոյի անկախության հռչակման ժամանակաշրջանում։ Կոսովոյի օրինակի կրկնությունը բացառելու նպատակով, իր զորախմբի հետկանչմամբ, փաստորեն, Բաքուն խափանել է Ղարաբաղում նույն դիպաշարի կրկնության հավանականությունը։ Ադրբեջանցի պաշտոնյաները, տվյալ դեպքում՝ խաղաղապահությունը, որակել են «անջատողականությանն աջակցող առաքելություն»։
Չնայած Թուրքիայի կողմից Կոսովոյին ցուցաբերվող ռազմաքաղաքական աջակցությանը` 2012 և 2017 թվականներին Ադրբեջանը չի թույլատրել Կոսովոյի անդամակցումը Համաշխարհային մաքսային կազմակերպությանը (ՀՄԿ): 2017 թվականին Վիեննայում ընթացող ՀՄԿ եվրոպական տարածաշրջանի մաքսային ծառայությունների ղեկավարների համաժողովի ընթացքում ադրբեջանական կողմը վերստին պնդել է, որ չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, և որ անկախության միակողմանի հռչակումը հակասում է միջազգային իրավունքին։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով` Ադրբեջանը «նույնպես բախվել է տարածքային ամբողջականության խնդրին, իսկ քաղաքական հարցերի քննարկումը մաքսային կազմակերպության շրջանակներում անընդունելի է»:
Ղարաբաղյան հակամարտությամբ իր դիրքորոշումը հիմնավորած Բաքուն 2020 թվականին՝ Ղարաբաղի դեմ պատերազմից հետո էլ իր մոտեցումները չի փոխել: Չնայած դրան` Կոսովոն հույս է տածել, թե այդ պատերազմի արդյունքում Ադրբեջանը, առերևույթ «ձերբազատվելով ղարաբաղյան մտահոգությունից», այլևս չի կաշկանդվի Կոսովոյի անկախության ճանաչման հարցում: 2021 թվականի օգոստոսին Թուրքիայում պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում Պրիշտինան Ադրբեջանից (և այլ երկրներից) ճանաչում է խնդրել: Ընդ որում` Բելգրադը սա որակել է որպես Վաշինգտոնյան պայմանավորվածության խախտում (մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը ճանաչման խնդրանքով չդիմելու վերաբերյալ) և հետագայում հակամարտության լուծման առնչությամբ օրինակելի համարել Ադրբեջանի քաղաքականությունը:
Ակնհայտորեն` Ադրբեջանի դաշնակից Թուրքիայում պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ Կոսովոյի անկախության շուրջ քննարկումն ու ճանաչման խնդրանքը փաստում են, որ Կոսովոն փորձում է Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանից ճանաչում «կորզել»: Կոսովոն Թուրքիայի աջակցության հարցում ակնկալիքները դեռ չի կորցրել, սակայն մինչ օրս՝ Ղարաբաղի նկատմամբ լիարժեք վերահսկողություն հաստատելուց և Բաքվի համոզմամբ հակամարտությունը լուծված համարելուց հետո էլ Կոսովոյի հարցում Ադրբեջանը շարունակում է «անդրդվելի» քաղաքականություն վարել: Ավելին՝ ադրբեջանական կողմը խորացնում է հարաբերությունները Սերբիայի հետ և դիվանագիտական էական աջակցություն ցուցաբերում նրա տարածքային ամբողջականության վերականգնման հարցում: Այս համատեքստում տեսանելի է, որ Անկարան Բաքվի նկատմամբ չունի անհրաժեշտ լծակներ, որոնք կկարողանան բավարարել Թուրքիայի շահերն ինչպես Կոսովոյի հարցում, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության մի շարք այլ ուղղություններում»:
