Հասմիկ Պապյանը՝ օպերայի «լեզվի», Կաֆկայի «Դատավարության», թռչող խալու և դրախտավայր Հայաստանի մասին. hetq.am

Մհեր Ենոքյան, «Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանը պատասխանել է «Հետքի» բանտային թղթակից Մհեր Ենոքյանի հարցերին

Սիրելի՛ Հասմիկ Պապյան, բարի օր Ձեզ

Անչափ շնորհակալ եմ հարցազրույցի հնարավորության և հրավերն ընդունելու համար։

Լրագրող գործընկերներիցս սովորել եմ հարցազրույց վարելու հնարքներ: Ասել են՝ հարցերը պետք է կարճ ձևակերպել, նաև անպայման խորությամբ ծանոթանալ այն մարդու գործունեությանը, ում հետ պատրաստվում ես զրուցել: Եվրոպական Խորհրդին Հայաստանի անդամակցելուց հետո՝ 2003 թ.- ին, ցմահ ազատազրկվածների խցերում թույլատրեցին հեռուստացույց և DVD նվագարկիչ ունենալ։ Այդ ժամանակվանից ի վեր հեռուստատեսությամբ դիտել եմ Ձեր մի քանի հարցազրույց՝ ինձ համար բացահայտելով տաղանդաշատ օպերային երգչուհու, քաղաքացու Ձեր կերպարը:

Իսկ այժմ, երբ Ձեզ հետ գրավոր զրույցի բացառիկ հնարավորություն ընձեռվեց, հարազատներիս խնդրեցի ինձ փոխանցել նաև մամուլի, կայքերի հրապարակումներ Ձեր բեմական գործունեության մասին, Ձեզ հետ հարցազրույցներ: Իմացա, որ թույլ կողմեր չունեք, իսկ ապրիլյան պատերազմից հետո չեք վախենում ոչնչից։ Իմացա, որ սիրում եք լեռներ մագլցել, մանկության տարիներին տպավորվել եք թռչող խալուց:

Երկար թերթեցի նյութերը, նայեցի, հիացա, վայելեցի... հետո շատ հեշտ ծնվեցին հարցերը, որոնք հաճախ Ձեր պատասխաններից եմ բխեցրել, թերևս, կզգաք՝ որոնք: Ներողություն, որ մեկ հարցի մեջ, մի քանի հարց եմ ամփոփել, պարզապես հարցերս շատ էին:

Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ձեզ հետ զրույցի հնարավորության համար: Ձեզ և Ձեր ընտանիքին մաղթում եմ Սեր, առողջություն, երջանկություն։

- Հարցազրույցներից մեկում հիշատակում եք Հրանտ Մաթևոսյանի խոսքերը. «Հայը չի իջնում հատակ և չի բարձրանում դեպի գագաթ»։ Որպես Հայաստանի Մշակույթի դեսպան ստացվու՞մ է Հայի ոգին հասկանալի դարձնել այլերկրացիների համար։ Կոմիտասի «լեզուն» ինչպե՞ս է ընկալվում աշխարհում։

- Այն ասպարեզում, որտեղ ես հանդես եմ եկել՝ օպերային արվեստում, ազգությունը կարևոր չի եղել: Օպերայի լեզուն միջազգային է: Այլ բան է, որ ինձ այդ բարձունքը գրավելու ճանապարհին շատ կարևոր է եղել իմ հայ լինելու գործոնը: Կարող եմ ավելացնել, որ, որպես հայ, փորձել եմ արժանապատվորեն ներկայացրել իմ երկիրը օպերային արվեստի սիրահարներին, և ոչ միայն: Իմ երգած Աիդան, Նորման, Տոսկան, թերևս տարբերվել են մյուսներից: Ցավոք, Կոմիտասը Հայաստանից դուրս շատ ծանոթ չէ լայն հասարակությանը: Այս հարցում դեռ շատ անելիքներ ունենք: Իհարկե, անառարկելի է այն փաստը, որ որտեղ էլ հնչել են Կոմիտասի ստեղծագործությունները, նույնիսկ չհասկանալով, թե ինչի մասին է երգվում, անկախ ազգային պատկանելությունից, հավասարապես հուզվել և արտասվել  են բոլորը:

-  Վեց լեզվի եք տիրապետում. կա՞ մի լեզու, որը առավել երաժշտական է։ Առհասարակ ինչո՞ւ է երգի լեզուն առավել հասկանալի և ազդեցիկ։

- Օպերային երաժշտության լեզուն համարվում է իտալերենը: Բացի այն, որ օպերան ծնունդ է առել Իտալիայում, կա նաև այլ պատճառ՝ իտալերենում ձայնավորների համադրությունը շատ հարմար է ձայնը արտաբերելուն: Ինչը չենք կարող ասել, օրինակ, վրացերենի, եբրաերենի և շատ այլ լեզուների դեպքում, երբ մի քանի բաղաձայներ հաջորդում են իրար: Մարդկային ձայնը երաժշտական գործիքներից ամենակատարյալն է: Այն ունի երաժշտության հետ միաժամանակ նաև խոսքը ունկնդրին փոխանցելու կարելիությունը: Երգի լեզուն նաև հասկանալի է նրանով, որ, կարծում եմ, գրեթե յուրաքանչյուր մարդ կարող է երգել, կարևոր չէ՝ լավ կամ վատ:

- Ձեր սիրած ստեղծագործություններից է Կաֆկայի «Դատավարությունը»։ Ինչո՞վ է այն տպավորվել։ Եթե «դատավարությանը» ներկա գտնվեիք, կմիջամտեի՞ք, ինչ-որ բան կփոխեի՞ք։ Իսկ մե՞ր իրականության մեջ...

- Գիրքը ձեռքս վերցնելու և կարդալու առաջին պայմանը ինձ համար հեղինակի  «լեզուն» է: Եթե այն ինձ չի «աքցանում», ես չեմ կարող շարունակել: Կաֆկայի լեզվամտածողությունը ինձ համար բաց ծով է, մաքուր երկինք, որտեղ կարող ես բառերի հետ «ընկերություն անել»... իհարկե, նաև շատ ամուր նյարդեր են հարկավոր այս գիրքը մինչև վերջ ընթերցել կարողանալու համար:Երբ առաջին անգամ «Դատավարությունը» բնագրով կարդացի, ինձ համար բացահայտում էր՝ համաշխարհային գրականության գլուխգործոցներից է, իմ ամենանախընտրելին, Հրանտ Մաթևոսյանից հետո, իհարկե:

Եթե ես «միջամտեի» այդ դատավարությանը, ապա այն անմիջապես կփակվեր…

Մեր իրականության մեջ կկամենայի, որ դատավարությունների ժամանակ բացառապես արդարության կողմնակիցը լինելուց զատ, դատապարտողների համար մարդկային գործոնը առաջնային լիներ: Չէ՞ որ ի տարբերություն դատապարտյալների, դատավարություն վարողները նիստից հետո վերադառնում են իրենց տները…

- Հաճա՞խ եք ջութակ նվագում։ Եղե՞լ է, որ բնության գրկում մենակ լինելով՝ երգեք։

- Ջութակ երկար տարիներ չեմ նվագել: Երբ սկսեցի երգել և ճամփորդել, արդեն շատ ժամանակ չունեի նվագելու: Հետո հասկացա, որ «կիսատ» ջութակահար չեն լինում: Բնության գրկում մենակ երբեք չեմ երգել, իսկ հին հայկական եկեղեցիներում միշտ երգելու ցանկություն առաջանում է: Երգում եմ հարմար պահի, երբ շուրջս մարդաշատ չի  լինում:


- Եթե ժամանակի մեջ թռչող խալու վրա հայտնվեիք, ու՞ր կճանապարհորդեիք, ո՞ւմ կցանկանայիք հանդիպել։

- Ինձ համար շատ սիրելի են հարավային Ֆրանսիայի գյուղերը, որտեղ քաղաքակրթությունը կարծեք երբեք կանգ չի առել, լեռների վրա վեր խոյացող խաղողի այգիներով, բաց և կանաչ անծայրածիր հորիզոններով:

Իսկ կկամենայի, որ կախարդական գորգը ինձ տաներ 1974-1982 թվականներ Գերմանիայի հինգերորդ կանցլեր Հելմուտ Շմիդտի, ինձ համար բացառիկ մի անհատականության մոտ: Նա նաև հրաշալի դաշնակահար էր, ձայնագրություններ է կատարել հանրահայտ դիրիժորներ Կարայանի, Էշենբախի հետ: Մահացավ մոտ երկու տարի առաջ, 97 տարեկան հասակում: Իր հայտնի ասույթներից էին՝ ...97 տարեկանից ցածր լավատես չեն լինում... կամ՝ …մեծ տարբերություն կա՝ իշխելու, անձնական շահերի վրա հիմնված քաղաքականության և բարոյական սկզբունքների վրա հիմնված, բարոյական կարիքներով կողմնորոշված քաղաքականության մեջ...իմաստուն խոսքեր են, երանի հետևորդներ ունենար... նաև փայլուն հռետոր էր, կարող եմ երկար շարունակել, տարիներով հետևել եմ իր գործունեությանը:

Մի անառարկելի թերություն ուներ՝ ծանր, «շղթայական» ծխող էր, նույնիսկ hարցազրույցների ժամանակ, եթերում, ամենուր, որի համար մշտապես խիստ քննադատության էր ենթարկվում: Այդ պատճառով, կարծում եմ, որ մեր հանդիպումը երկար տևողություն ունենալ չէր կարող:

- Ձայնը, ինչպես աչքի ծիածանաթաղանթը, մատնահետքերը անկրկնելի են։ Ձեր ձայնում քնքուշ մեղեդին հնչում է նաև սովորական խոսքի, զրույցի ժամանակ։ Երբ արթնանում եք, հիշու՞մ եք Ձեր երազները, նրանք երաժշտակա՞ն են, հեքիթայի՞ն...

-Իմ երազները հիմնականում «ազդանշաններ» են, որոնք, կարծեք, գալիս են ինձ «նախազգուշացնելու»… և հաճախ կատարվում են: Հեքիաթային, երաժշտական, գունավոր երազներ ինձ երբեք այցի չեն գալիս:

- Ասում եք, որ բեմը առողջացնում է Ձեզ... ակնհայտ է, որ Դուք էլ առողջ եք պահում հայկական երգարվեստը համաշխարհային բեմում։ Ունե՞ք երազանք, որը դեռ պետք է իրականացնեք։

-Որպես մայր կուզենամ տեսնել իմ միակ դստերը՝ Սիրանույշին առողջ, երջանիկ, կայացած իր ընտրած մասնագիտության մեջ, ազնիվ, արդար, հասարակությանը պիտանի և արժանապատիվ քաղաքացի դարձած:

Բայց սա չնչին է այն իրական երազանքիս հանդեպ, որն իսկապես փայփայում եմ՝ թիկունքիս ունենալ հզոր, բարեկեցիկ, արժանապատիվ կյանքով և երջանիկ քաղաքացիներով ապրող երկիր դրախտավայր, որի անունն է Հայաստան: Հուսով եմ՝ երազս իրականություն կդառնա:

Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցերի համար

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Գլխավոր դատախա՛զ, Կիրանցից ահազանգ եմ ստացել․․․ ի՞նչ է կատարվում այնտեղ․ Լիլիթ Գալստյան (video) Չինաստանը վերահաստատում է իր աջակցությունը Իրանի ինքնիշխանությանը Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հարցով այնպիսի բանակցությունների, որոնք իրական արդյունք կտան. Զախարովա Հատ-հատ բոլոր նորոգված դպրոցներ եմ զանգել, 107 000 աշակերտ չկա, հազիվ 32 000 է, էդ ինչ թիվ եք ասում (video) #ՀԻՄԱ․ «Ռումբերը կպայթացնե՛ն, նոր կհասկանաք»․ Զելենսկու ու Փաշինյանի սարսափելի խաղը․ Տիգրան Չոբանյան (video) Թրամփը կասեցնում է «Ազատություն» նախագիծը Մայիսյան ձյուն՝ Շիրակի մարզում և Ապարանում. Սուրենյան Փեզեշքիանն ԱՄՆ-ին կոչ է արել տարածաշրջանից հեռացնել ռազմական սպառնալիքները Ոչ սթափ, մեքենա վարելու իրավունքից զրկված վարորդի մասնակցությամբ վթար է եղել․ վիրավոր կա Կոպիտ «չափալախ ես» ստանալու Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից․ Արշակ Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը երեխաներին ասաց՝ ինչու է որոշել դառնալ վարչապետ (video) #ՈՒՂԻՂ․ «Ծախվա՛ծ դավաճաննե՛ր, հիմա ի՞նչ հանձնեցիք Մակրոնի հետ»․ Անաստաս Իսրայելյան (video) Ի՞նչ է հայտնի Փաշինյանի՝ 2026 թվականին Իրան կատարելիք այցի մասին 20-ամյա երիտասարդը «բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ հոսպիտալացվել է, վիճակը միջին ծանրության է Մեղքի դեմ պայքարը և հայրենիքի ազատագրման հրամայականը․ Բագրատ Սրբազան Իրանը մտադիր չէ կապիտուլյացիայի ենթարկվել ԱՄՆ-ի առջև․ Փեզեշքիան Հայաստան Զելենսկու այցի ողբերգական հնարավոր հետևանքները․ Հայկ Նահապետյան, Ստեփան Դանիելյան (video) Թեժ կռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանը հունից դուրս եկավ (video) Ծափերի ու լայվերի ներքո 2-րդ անգամ գործի դրվեց հայ ազգի նվաստացման դիվական մեքենան․ Մելիքյան Վրաստանում լրտեսության մեղադրանքով բարձրաստիճան պաշտոնյա է ձերբակալվել Հունիսի 7-ը ուրիշի պատերազմից խուսափելու մասին է Երևանի ու մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի Փաստորեն, մեր երկրում մшնկшպիղծն ունի լիարժեք պաշտպանություն ու պահպանություն, ավելին` անձեռնմխելիություն. փաստաբան Ի՞նչ իրավունքով ու ի՞նչ հիմքով է Նիկոլն ասում՝ ինձ չընտրեք, պատերազմ կլինի. Կյուրեղյանը՝ ԱՀԾ պետին (video) Սասունյան. Թուրք հետաքննող լրագրողը բացահայտում է Միացյալ Նահանգներում Թուրքիայի ներթափանցման ջանքերը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մայիսի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մայիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am