Թրամփը հեռացրել է ԱԲ-ով ստեղծված պատկերը՝ «Քրիստոսի կերպարի» համար քննադատության ենթարկվելուց հետո․ The Guardian
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռացրել է արհեստական բանականությամբ ստեղծված այն լուսանկարը, որտեղ նա պատկերված էր Հիսուս Քրիստոսին հիշեցնող կերպարով, հայտնում է The Guardian-ը։
Խոսքը ապրիլի 12-ի հրապարակման մասին է։ Լուսանկարում Թրամփը կանգնած է հիվանդասենյակում՝ բժիշկների և մի զինվորականի կողքին, իսկ երբ նա դիպչում է մահճակալին պառկած հիվանդին, նրա ձեռքերից լույս է ճառագում։
Այս հրապարակումը քննադատության ալիք է բարձրացրել նույնիսկ նախագահի կողմնակիցների շրջանում։ Մի շարք պահպանողական մեկնաբաններ լուսանկարն անվանել են ոչ տեղին ու վիրավորական, իսկ ոմանք այն որակել են որպես «զարհուրելի սրբապղծություն»։
Ավելի ուշ Թրամփը հաստատել է, որ պատկերն անձամբ ինքն է հրապարակել, սակայն պարզաբանել է, որ դրանում որևէ կրոնական ենթատեքստ չի դրել։ Նրա խոսքով՝ ինքը կարծել է, թե պատկերված է բժշկի կամ Կարմիր խաչի աշխատակցի դերում, իսկ քննադատներն ուղղակի «աղավաղել են» հրապարակման իմաստը։
