Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը. փաստաբան
Դատախազը լավ կանի ինքնաբացարկ հայտնի մինչև Սամվել Կարապետյանի դատական նիստը: Այս մասին այսօր՝ Հակակոռուպցիոն Կոմիտեի բակում, ճեպազրույցի ժամանակ ասել է փաստաբան Լիանա Գասպարյանը:
«Ես խորհուրդ կտամ մեր հարգելի դատախազին՝ մինչև վաղվա դատական նիստը ցուցաբերել քաղաքական արիություն և մինչ դահլիճ ներկայանալը հայտնել ինքնաբացարկ ու չմտնել այսպիսի ապօրինությունների տակ:
Մեղադրող Արգամ Ղալաքյանը իր կողմից բողոքարկում չի ներկայացրել և թույլ է տալիս ի լուր ամբողջ հասարակության՝ տեսաուղերձով, կոպիտ կերպով ոտնահարի անմեղության կանխավարկածը: Սա քրեական վարույթ չէ, սա դատական իշխանության ղեկավարի կողմից 135 հատորանոց վրեժխնդրություն և վախի դրսևորում է: Նման պայմաններում հայտնել հասարակությանը հաստատված հանգամանքներով և իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն, աբսուրդի ժանրից է»,- նշել է նա:
Լիանա Գասպարյանը հույս հայտնեց, որ վաղվա դատական նիստով իրենց միջնորդությունը կքննարկվի, հավելեց, որ պաշտպանական կողմը՝ գոնե այս անգամ, դատարանից ակնկալում է արդար որոշում:
