Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված. Հայր Ռուբեն
Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը հանդիսապետել է Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցված Սուրբ Պատարագը՝ ընդառաջ տեղի հոգևոր հովիվ Տեր Հովսեփ քահանա Սարգսյանի և ծխական համայնքի հրավերին։
Սուրբ Պատարագի ընթացքում Հայր Սուրբը հավատացյալներին փոխանցել է իր պատգամը՝ ներկայացնելով Կրկնազատիկի հոգևոր խորհուրդը։
«Հայոց Եկեղեցու տոնացույցում Զատկին հաջորդող այս օրը կոչվում է Նոր Կիրակի՝ խորհուրդը նորոգության և նոր կյանքի։ Եթե Սուրբ Զատիկը հաղթանակն է մահվան նկատմամբ, ապա Նոր Կիրակին այդ հաղթանակի պտուղն է՝ մարդու ներսում փթթող նոր կյանքը։ «Բանը մարմին եղավ և բնակվեց մեր մեջ»,- բարձրաթռիչ հռչակում է օրվա Ավետարանը։ Աստվածային փառքը բնակություն է հաստատում մեր մարդկային բնության մեջ, Կյանքը մուտք է գործում մեր մահկանացու մարմնի մեջ, Լույսը ներթափանցում է մեր մարդկային խավարի մեջ։ Սերն սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում են «ես»-ի սահմանները։ Աստված հենց այդ սերն է, որ մարդուն բաժնեկից է դարձնում իր աստվածային փառքին։ Աստծո Որդու մարդեղացման խորհուրդը հասնում է գագաթնակետին Զատիկի մեջ, երբ մահը հաղթահարվում է, և կյանքը հաղթանակում։ Բայց Նոր Կիրակին մեզ ասում է՝ Հարությունը պետք է շարունակվի քո մեջ։
Եթե Բանը մարմին եղավ, ապա մենք կոչված ենք դառնալու նոր արարածներ։ Եթե Աստված իջավ դեպի մարդը, ապա մարդը կոչված է բարձրանալու դեպի Աստված․ վերջնակետն Աստծու հետ հանդիպումն է։ «Աստծուն ոչ ոք երբեք չի տեսել», բայց Որդին հայտնում է նրան։ Քրիստոս Աստծո մեկնությունն է մեզ համար, աստվածճանաչողության ճանապարհը, Նրա փառքի թարգմանը։ «Ով ինձ տեսավ, տեսավ Հորը»,- ասում է Քրիստոս՝ ի պատասխան Աստծուն ցույց տալու աշակերտներից մեկի հարցին։ Միդրաշներից մեկը պատմում է, որ Աստված մերժում է Մովսեսի ցանկությունը մտնելու Ավետյաց երկիր։ Նրա համար միջնորդում են երկինքն ու երկիրը, հրեշտակներն ու արդարները… բայց Աստված անդրդվելի է մնում։ Եվ վճռորոշ պահին՝ մահվան ժամին, Աստված համբուրում է Մովսեսին, և մարգարեն մահանում է այնտեղ՝ Մովաբի երկրում։ Նա, ով չէր կարողացել Աստծուն տեսնել դեմ առ դեմ, իր վախճանը գտնում է Աստծո համբույրի մեջ։
Օրվա ավետարանը մեզ ներկայացնում է նույն նպատակակետը։ Այժմ, սակայն, այլևս չկան ո՛չ խոչընդոտներ, ո՛չ էլ խոչընդոտող պատճառներ․ ոչինչ և ոչ ոք չի կարող մեզ բաժանել Աստծուց․ Իր Որդու մարդեղացմամբ Աստված «համբուրում է» մարդկությանը և ամենքիս առջև բացում հավիտենական կյանքի ճանապարհը՝ մեր Ավետյաց երկիրը․․․»,- նշել է Հայր Սուրբը։
Սուրբ Պատարագի ավարտին Հոգեշնորհ Հայր Սուրբը, արժանապատիվ Տեր Հովսեփ քահանայի ուղեկցությամբ, հյուրընկալվել է ծխական համայնքի մի քանի ընտանիքներում։
Հոգևոր հայրերը Տնօրհնեքի կարգ են կատարել Ապրիլյան քառօրյա պատերազմում նահատակված հերոս Անդրանիկ Զոհրաբյանի, եկեղեցու բարերար Տիար Էդգար Շաբոյանի և ծանրամարտի Եվրոպայի կրկնակի չեմպիոն, եկեղեցու այս տարվա խաչի կնքահայր Գոռ Սահակյանի ընտանիքներում։
Տնօրհնեքի արարողությամբ հոգևորականները ընտանյաց անդամներին փոխանցել են Սուրբ Հարության կենսաբեր ավետիսը՝ որպես անսասան հույսի, մխիթարության և հոգևոր նորոգության աղբյուր։
