Իրաքում նոր նախագահ են ընտրել
Իրաքի նախագահի պաշտոնում «Քրդստանի հայրենասիրական միություն» կուսակցության թեկնածու Նազար Ամիդին, հավաքելով ձայների մեծամասնությունը, ընտրվել է երկրի նոր նախագահ։ Հաղորդում է ParsToday-ը։
Ընտրությունների երկրորդ փուլում Ամիդիի օգտին քվեարկել է 249 պատգամավոր։
Նազար Մուհամմեդ Սաիդ Ամիդին ներկայիս Իրաքի կառավարությունում զբաղեցրել է շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը և 2024 թվականին ներկայացրել է իր հրաժարականը։
Նա ծնվել է 1968 թվականի փետրվարի 6-ին Իրաքյան Քրդստանի Դահուկ նահանգի Էլ-Ամադիա քաղաքում և Մոսուլի համալսարանում ստացել է մեխանիկական ինժեների բակալավրի աստիճան։
2022-ից մինչև 2024 թվականները նա զբաղեցրել է նախարարի պաշտոնը, ապա հեռացել է կուսակցական-քաղաքական պատճառներով, և նրան փոխարինել է Հելու ալ-Ասկարին։
Ավելի վաղ՝ Ֆուադ Մասումի, Բարհամ Սալեհի և մասամբ Աբդուլլաթիֆ Ռաշիդի նախագահության ընթացքում, նա զբաղեցրել է նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
Ամիդին ակտիվորեն զբաղվել է շրջակա միջավայրի և աղտոտման նվազեցման հարցերով և համարվում է Իրաքի աչքի ընկնող քաղաքական գործիչներից մեկը։
