Գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ. Ռոբերտ Քոչարյան
Միայն գիտության զարգացումը բավականին խնդրահարույց է. գիտությունը պետք է զարգանա տնտեսության և արդյունաբերության հետ մեկտեղ։ Դրա մասին հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ Հայաստանը կարող է առանձնացնել երկու կամ երեք գիտական ուղղություն և պետական աջակցությամբ զարգացնել դրանք։
«Ես պատկանում եմ այն սերնդին, որը հիշում է, թե Հայաստանում որքան շատ գիտահետազոտական ինստիտուտներ կային։ Երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը, այդ ժամանակ դրանցից միայն մի փոքր մասն էր գործում։ Եթե կա արդյունաբերություն, օրինակ, եթե կա հսկայական քիմիական արդյունաբերություն, ուրեմն ունես նաև արդյունաբերությունը սպասարկող համապատասխան հետազոտական ինստիտուտ։
Արդյունաբերության անկման հետ մեկտեղ գիտահետազոտական ինստիտուտները մնացին առանց կառույցի, որտեղ այդ գիտելիքները պետք է կիրառեին։ Ի՞նչ պատահեց գիտահետազոտական ինստիտուտներին։ Դրանց աշխատակազմը կրճատվեց, լավ գիտնականները մեկնեցին արտասահման։ Գիտահետազոտական ինստիտուտների շենքերից մի քանիսը վարձակալության տրվեցին՝ գոնե մնացած մասը պահպանելու համար։ Եվ ամենուրեք այդպես էր։
Պոլիտեխնիկական ինստիտուտը մի ժամանակ քիմիայի հզոր ամբիոն ուներ, քանի որ երկրում քիմիական արդյունաբերություն էր գործում։ Ինստիտուտն ուներ նաև ուժեղ էլեկտրամեխանիկայի ամբիոն, քանի որ ուներ մեծածավալ արտադրանք արտադրում բազմաթիվ ձեռնարկություններ։ Հիմա, ենթադրում եմ, այդ ամբիոնը մնացել է, փոխարենը չկա այնպիսի արդյունաբերություն, որտեղ ուսանողները կարող էին աշխատանք գտնել։ Ընդ որում, բուհական դասախոսները նույնպես արտադրության մեջ էին աշխատում։
Երբ ես Հայաստանի նախագահ դարձա, մենք փորձեցինք վերականգնել քիմիական արդյունաբերությունը, նույնիսկ վերագործարկելով «Նաիրիտը» և Վանաձորի քիմիական գործարանի կեսը։ Այնուհետև, իմ հեռանալուց հետո, ամեն ինչ փակվեց։
Մենք այդ քայլին դիմեցինք, քանի որ «ներուժ կար, բարձր որակավորում ունեցող անձնակազմ, ներառյալ՝ ինժեներներ։
Դա դժվար խնդիր է և պետք է կենտրոնանալ միջնաժամկետ հեռանկարի վրա։ Եթե պետությունն այդ խնդրով չզբաղվի, հույս էլ չի լինի։ Պետական աջակցությունը կարող է լինել նաև հարկային արտոնությունների տեսքով, որպեսզի խոշոր արտասահմանյան ընկերությունները պատրաստ լինեն տեղափոխել իրենց գործունեությունը Հայաստան»,- նշել է Քոչարյանը։
NEWS.am
