Իրանում կրկին պայթյուններ են․ ի՞նչ է կատարվում
Հինգշաբթի վաղ առավոտյան Իրանի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Քարաջում, Ահվազում և Շիրազում, պայթյուններ և ռազմական ակտիվություն է տեղի ունեցել, հայտնել է Iran International-ը՝ վկայակոչելով ականատեսների վկայությունները։
Թեհրանից արևմուտք գտնվող Ալբորզ նահանգում Քարաջի բնակիչները լուսաբացին հայտնել են պայթյունի մասին։ Պայթյուններ են գրանցվել նաև Մեհրշահրում, իսկ ավելի ուշ՝ Մոհամմադշահրում։
Ականատեսների վկայությամբ՝ նավթով հարուստ հարավարևմտյան Խուզեստան նահանգի գլխավոր քաղաքում՝ Ահվազում, լսվել են երկու համեմատաբար ուժեղ պայթյուններ։
Իրանի հյուսիս-արևմուտքում գտնվող Արևմտյան Ադրբեջան նահանգի Մահաբադում բնակիչները վաղ առավոտյան ինքնաթիռի կամ կործանիչի ձայն են լսել իրենց գլխավերևում։
Իրանի հարավում գտնվող Ֆարս նահանգի մայրաքաղաք Շիրազում ականատեսները հայտնել են մի քանի հաջորդական պայթյունների մասին, որոնք տեղի են ունեցել տեղական ժամանակով ժամը 5:00-ի սահմաններում։
