Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է. Պեսկով
Եռակողմ ձևաչափով ռուս-ուկրաինական կարգավորման բանակցային գործընթացն առայժմ դադարեցված է, սակայն Ռուսաստանը շարունակում է տեղեկատվություն փոխանակել ԱՄՆ-ի հետ: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է բանակցային գործընթացին, ապա՝ այո, այն առայժմ դադարեցված է։ Ամերիկացիները ուրիշ շատ գործեր ունեն. հասկանալի է՝ ինչպիսիք։ Այժմ այդ պատճառով դժվար է եռակողմ ձևաչափով հանդիպել», – ասել է Պեսկովը լրագրողների հետ զրույցում։
«Դրա հետ մեկտեղ ուկրաինացիները շարունակում են իրենց զրույցն ամերիկացիների հետ։ Մենք նաև շարունակում ենք ամերիկացիների հետ տեղեկատվություն փոխանակել մեր ունեցած կապուղիներով», – հավելել է նա։
Կրեմլի խոսնակին հարցրել են՝ արդյոք ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և նախագահի խորհրդական ու փեսա Ջարեդ Քուշների այցը Կիև կարող է աշխուժացնել բանակցային գործընթացը։ Պեսկովին նաև հարցրել են, թե արդյոք Կրեմլին հայտնի է Զատկից հետո նման ուղևորության նախապատրաստման մասին։
«Մեզ հաստատ հայտնի չէ՝ արդյոք դա (այցը) պլանավորվում է։ Մենք լսել ենք Կիևի վարչակարգի ներկայացուցիչների հայտարարությունները, որ նման հարց կարող է լինել օրակարգում, ես նկատի ունեմ Ուիթքոֆի և Քուշների ժամանումը», – ասել է Պեսկովը։
