Ավտովթար՝ Երևանում. Հերացի փողոցում բախվել են «Chevrolet»-ն ու «Opel Zafira»-ն. կա 5 վիրավոր
Երեկ՝ ապրիլի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23:50-ի սահմաններում Հերացի փողոցում բախվել են «Chevrolet» և «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի, որոնցից 4-ին, ըստ դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, 1-ին էլ քաղաքացիները իրենց անձնական օգտագործման ավտոմեքենայով, տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները գնդի հրամանատարի տեղակալ Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատար Դավիթ Նիկողոսյանի, վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են պարեկները։Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալներ Արթուր Ադամյանի, Գրիգոր Ավետիսյանի և օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Chevrolet»-ի առջևի անվահեծաններից մեկը կոտրվել էր։
