Բուշեր ԱԷԿ-ին հասցված հարվածը թիրախավորել է պաշտպանական շրջագիծը. ռուս մասնագետները Իրանից կհեռանան Երևանով․ «Ռոսատոմ»
Ապրիլի 4-ին Իրանի «Բուշեր» ատոմակայանի տարածքին հասցված հարվածը փաստացիորեն թիրախավորել է կայանի պաշտպանական շրջագիծը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովին։
Նրա փոխանցմամբ՝ վերջին հարվածի պատճառով ատոմակայանից տարհանվել է 198 մարդ։
Լիխաչովը նաև հավելել է, որ «Բուշեր» ԱԷԿ-ից տարհանված ռուս մասնագետների հետագա թռիչքը նախատեսված է Երևանի օդանավակայանից։
«Սովորաբար մեր համար շատ հարմարավետ է Հայաստանի կառավարության հետ համագործակցությունը, քանի որ մեր գործընկերներն այս տարածաշրջանից մեկնելու են հենց Երևանի օդանավակայանից»,- ասել է «Ռոսատոմ»-ի ղեկավարը։
Նա հավելել է նաև, որ միջազգային հանրությունը մտահոգությամբ է արձագանքել այս վերջին հարվածին։
«Միջազգային հանրությունը, բնականաբար, մտահոգությամբ արձագանքեց տեղի ունեցածին։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենը հանդես եկավ հայտարարությամբ։ Մեր գործընկերների հետ բազմաթիվ շփումները, հեռախոսազանգերն ու էլեկտրոնային նամակները վկայում են աճող անհանգստության մասին։ Բոլորին խիստ զգուշավորություն է ներշնչում հակամարտության էսկալացիայի միտումը»,- լրագրողներին ասել է Լիխաչովը։
Հիշեցնենք, որ «Բուշեր» ԱԷԿ-ի տարածքին հասցված վերջին հարվածի հետևանքով զոհվել էր մեկ աշխատակից։
