Շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հաղթահարի, մեր բոլորիս օգուտն է․ Սերժ Սարգսյան
ՀՀԿ համագումարից հետո ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց լրագրողների հարցերին, մասնավորապես, ԱԺ ընտրություններին ընդդիմության՝ միասնական ճակատով կամ ցուցակով հանդես գալ-չգալու, «մանր» ուժերի ներկայացրած հայտի նպատակահարմարության, ինչպես նաև՝ Միքայել Մինասյանի և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների միջև առկա «հակամարտության» վերաբերյալ, և, թե որքանո՞վ ինքը կապ ունի դրա հետ, ինչո՞ւ «լեզու չեն գտնում» Ռոբերտ Քոչարյանի հետ, կամ՝ հակառակը:
«Նախ՝ ես բոլորի հետ կապ ունեմ, իմ գործելաոճը մի քիչ ուրիշ է, ես ոչ մեկին ոչինչ չեմ պարտադրում, իմ գործընկերներին հարցրեք, իրենք կասեն: Բայց, իհարկե, հետևում եմ, և ոչ միայն հետևում եմ, այլև փորձում եմ մի ուղղությամբ տանել: Եվ այնտեղ, որտեղ ինձ հաջողվում է՝ հաջողվում է, որտեղ չի հաջողվում՝ չի հաջողվում: Բայց ես երբեք չեմ ասել, որ մի ցուցակով պիտի գնան, ես դա չեմ համարում օգտակար, որովհետև այդպես գնալու պարագայում, վստահ եմ, որ ընդդիմադիր ուժերն ավելի քիչ ձայն, քվե կտանեն, քան, եթե 2-3մ մեծ ճակատով մասնակցեն»,- նշեց Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ փորձ ձեռք բերելու համար են երևի մասնակցում այն ուժերը, որոնք զրո ամբողջ քանի տասնորդական ձայն են ունենալու:
«Իհարկե, սա դաշտին վնասում է: Բայց ինչ անենք: Ասում եք՝ ինձ հետ են կապում այդ մարդկանց, ինձ հետ կապում են՝ սկսած «օրենքով գողերից»՝ դուրս եկած տարբեր կուսակցություններով, մարդկանցով, ում բարևում եմ՝ ինձ հետ են կապում: Դա էլ իմ ճակատագիրն է, դրան դեմ չեմ, ում ուզում են՝ թող ինձ հետ կապեն: Զինվորականները, երբ գնում և ստորաբաժանումներ են ստուգում, այն սպաները, որոնք առաջին անգամ են քննության մասնակցում, ասում են՝ պրակտիկա ձեռք բերեց, գնահատական չեն նշանակում, էնպես որ, մի քիչ ներողամիտ եղեք»,- շարունակեց 3-րդ նախագահը:
Հակադարձմանը՝ Ռոբերտ Քոչարյանին է՞լ եք ընդդիմադիր համարում, Սերժ Սարգսյանն արձագանքեց.
Վերակենդանացված «Դիզելի գործով» կհետազոտվեն ապացույցները
«Ընդդիմադիր է, բա ի՞նչ է: Ես շատ-շատերից ավելի եմ ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը ոչ միայն հաղթահարի, այլ հեշտությամբ հաղթահարի անցողիկ շեմը, դա մեր բոլորիս օգուտն է»:
