Արտակարգ դեպք՝ Մարտունիում
Այսօր՝ ապրիլի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08:00-ի սահմաններում Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի թիվ 165 տան բնակիչները առավոտյան այցելում են գոմ, որպեսզի հավի ճտերին կերակրեն և զարմանքից քարանում են։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ընտանիքի անդամները հայտնաբերում են, որ իրենց կողմից խնամվող մոտ 2600-ից ավելի 3-ամսական ճտեր սատկած են։Թե ինչն է եղել պատճառը, ճշտվում է, սակայն ըստ տան անդամների հայտարարության, այդ ամբողջ ճտերին ոչնչացրել են թափառող շները։
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մարտունու բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ստեփան Հակոբյանի գլխավորությամբ։Դեպքի փաստով ոստիկանության Մարտունու բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են սեփականատիրոջ ինքնությունն ու ինչքան վնաս է պատճառվել քաղաքացուն։Ճշտվում է նաև թափառող շների կողմից ճտերին վնասելու հանգամանքը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ընտանիքի անդամներին պատճառվել է մոտ 5-6 մլն դրամի վնաս։Հարևանները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, նշում էին, որ ցանկալի է, որպեսզի Գեղարքունիքի մարզպետարանը, Մարտունի խոշորացված համայնքի ղեկավարի աշխատակազմը, ինչու չէ նաև Էկոնոմիկայի նախարարությունը՝ հանձինս նախարար Գևորգ Պապոյանի, հնարավորության սահմաններում օգնության ձեռք մեկնեն այս ընտանիքին։ Ընտանիք, ովքեր իրենց արդար քրտինքով են վաստակում իրենց հանապազօրյա հացը։
