Դավիթ Մինասյանին հոսպիտալացրել են, նա «Նաիրի» ԲԿ-ում է
Գրեթե երկու ժամա առաջ 18-ամյա Դավիթ Մինասյանին «շտապօգնության» մեքենայով տեղափոխեցին «Նաիրի» ԲԿ։ Տղային առավոտյան «Արմավիր» ՔԿՀ-ից տեղափոխել էին «Աբովյան» ՔԿՀ, սակայն ճանապարհին նրա վիճակը կտրուկ վատացել էր, ուստի նրան անմիջապես տեղափոխել էին Աբովյան ԲԿ, այնուհետև արդեն Երևան՝ «Նաիրի» բժշկական կենտրոն։
Քիչ առաջ տեղեկացանք, որ Դավիթ Մինասյանին բուժզննման ենթարկելուց հետո նրան հոսպիտալացրել են։
Հիշեցնենք, որ ապրիլի 1-ին դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց բավարարել քննիչի՝ 18-ամյա աշակերտին 2 ամսով կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։ 18-ամյա Դավիթին, ով սովորում է 12-րդ դասարանում, տեղափոխել էին «Արմավիր» ՔԿՀ, սակայն դեռ քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ տղան գիտակցությունը կորցրել էր, տեղափոխել էին հիվանդանոց։
Հիշեցնենք, նաև, որ մարտի 29-ին, երբ Սուրբ Աննա եկեղեցում պատարագ էր, Նիկոլ Փաշինյանը թիմակիցների ու անվտանգության աշխատակիցների հետ որոշել էր մտնել եկեղեցի, իսկ նրա անվտանգության աշխատակիցները հավաքված մարդկանց հրելով՝ փորձել էին ճանապարհ բացել։ Այդ ժամանակ Դավիթը իր եղբոր՝ Միքայելի հետ եկեղեցում մասնակցում էին պատարագի և հորդորել էին իրենց չհրել։ Այդ ժամանակ հրմշտոց էր սկսվել, Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներից մեկը բռունցքով հարվածել էր Դավիթին։ Միջադեպից հետո 2 եղբորը ձերբակալել էին, այս պահին Միքայելն ազատության մեջ է՝ մեղադրալի կարգավիճակով, նա ազատ է արձակվել 5 մլն դրամ գրավի ու չբացակայելու վերաբերյալ ստորագրության դիմաց։
