Թրամփը կրկին սպառնացել է հարվածել Իրանի կամուրջներին և էլեկտրակայաններին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանի կամուրջներն ու էլեկտրակայանները, եթե այդ երկիրն «արագ» չհասնի համաձայնության։ Այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Մեր զինված ուժերը, որոնք աշխարհում ամենամեծն ու ամենահզորն են, նույնիսկ չեն սկսել ոչնչացնել այն, ինչ մնացել է Իրանում։ Հաջորդը կամուրջներն են, այնուհետև՝ էլեկտրակայանները։ Իրանի նոր վարչակազմի ղեկավարությունը գիտի, թե ինչ պետք է անել, և դա պետք է արվի արագ», – հայտարարել է Թրամփը։
Ավելի վաղ Թրամփը նույն հարթակում տեղադրել էր Իրանի B1 կամրջի պայթեցման տեսանյութը՝ նշելով, որ եթե Իրանը համաձայնագիր կնքի, ապա երկրից «դեռ կարող է ինչ-որ բան մնալ»։
Ապրիլի 1-ին ազգին իր ուղերձում Թրամփը հայտարարել էր, որ պատրաստ է հարվածել Իրանի էներգետիկ ենթակառուցվածքներին, ինչպես նաև նավթային օբյեկտներին, եթե Թեհրանը հրաժարվի համաձայնության գալ Վաշինգտոնի հետ։
