Դոշին խփած քարտեզը նույնն է, ինչ «Արցախը Հայաստան է ու վերջ»
Իր պետության շահերով առաջնորդվող ղեկավարի առաջ հայտնվում է մեկը՝ դոշին փակցրած քարտեզով ու անլեզու, անբարբառ ասում է՝ «Հայաստանը սա՛ է»։ Միթե սա նման չէ «Արցախը Հայաստան է ու վերջ» շոուին, որի արդյունքում եղավ աղետը՝ խլվեց Արցախը, հայաթափվեց։
Այսօր նույն ղեկավարը՝ Արցախը հանձնելուց հետո, դոշին խփել է Հայաստանի քարտեզը և նույն բանն է ասում՝ «սա՛ է Հայաստանը ու վերջ»։ Ու սա անում է գերտերության մի ղեկավարի մոտ, ում մեղադրում է Արցախի կորստյան համար։ Սա ինչ հաժվարկ է, չեմ հասկանում։
Քաղաքականության մեջ վտանգավոր է, երբ բարդ իրականությունը փոխարինվում է պարզ, ցուցադրական ձևակերպումներով։ «Արցախը Հայաստան է ու վերջ» կարգախոսը ժամանակին ընկալվեց որպես հստակ դիրքորոշում, բայց այն չհենվեց բավարար դիվանագիտական, ռազմական և միջազգային հաշվարկների վրա։ Արդյունքում առաջացավ լուրջ հակասություն խոսքի և իրականության միջև, որը հանգեցրեց ծանր հետևանքների՝ ներառյալ 2020-ի պատերազմի արդյունքները և Արցախի հայաթափումը։
Այս քարտեզ շոուն այսօր կարող է հարուցել գերտերությունների և հակառակորդի զայրույթը՝ «դու՞ պիտի որոշես, թե որտեղ են երկրի սահմանները»։ Այդպես էլ անում է Ադրբեջանը, քայլ-քայլ, ներքին համաձայնությամբ ամրապնդելով իր դիրքերը։ Այս վիզուալ քարտեզը կարող է ընկալվել նույն կերպ, ինչ «Արցախը Հայաստան է ու վերջ»։
Շոուն փոխարինում է իրական բանակցային և ռազմավարական հաշվարկներին։ «Սա է ու վերջ» մոտեցումը ներսում տպավորություն է ստեղծում, թե սա է Հայաստանը, բայց արտաքին ուժերի համար դա ընկալվում է որպես կոշտ, միակողմանի դիրքորոշում, որը չի համընկնում միջազգային և ուժային բալանսի հետ։ Նման վիզուալ հայտարարությունները՝ առանց միջազգային և ռազմավարական հաշվարկների, կարող են կրկնել անցյալի սխալները և Հայաստանի գլխին բերել Արցախի նույն աղետը։
Հասմիկ Բաբաջանյան
«Հրապարակ օրաթերթ»
