Արման Բադոյանն անմահացել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հանգիստ, ոչ թե խելոք, այլ խելացի երեխա է եղել Արմանս։ Նոր ծնված ժամանակ կարծես հրեշտակ լիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Քրիստինան՝ Արմանի մայրիկը։ Արմանը մանկապարտեզ էր հաճախում, մեկ տարուց պետք է դպրոց գնար, երբ նրա երգի ուսուցչուհին մայրիկի հետ զրույցի ժամանակ ասել է՝ Արմանը բացառիկ լսողություն և ձայնային տվյալներ ունի։ «Խորհուրդ տվեց մասնագետի մոտ գնալ։ Մանկապարտեզ հաճախելու ժամանակ, երբ հինգ տարեկան էր, տղաս հեռուստատեսությամբ հեռարձակվող մանկական հաղորդումներից մեկում ևս ելույթ ունեցավ։ Հետո արդեն դպրոցում երգի ուսուցչուհին ինձ ասաց՝ քո տղան օպերային հայտնի երգիչ է դառնալու, յուրահատուկ ձայն ունի։ Հիշում եմ՝ նույն օրը գնացինք երաժշտական դպրոց։ Ընտրեցինք դաշնամուրի բաժինը։ Ինը տարի հաճախեց դաշնամուրի և վոկալի։ Երաժշտությունն ամբողջովին իրենն էր։ Սկսեց տարբեր մրցույթների մասնակցել։ Դպրոցի բոլոր միջոցառումներին, Ֆրանկոֆոնիայի մրցույթներին Արմանը մշտապես մասնակցել է»։ Դպրոցական տարիների մասին խոսելիս մայրիկն ընդգծում է՝ տղան բոլոր առարկաներն էլ հավասարապես սովորել է, բայց նախապատվությունը տվել է օտար լեզուներին։ «Այն էլ՝ հետևյալ մտքով, որ օտար լեզուներին տիրապետելը կարևոր է և անհրաժեշտ։ Մինչև չորրորդ դասարանը ներառյալ գերազանց է սովորել։ Դրանից հետո տանը դասերը չէր սովորում, բայց դպրոցում, ուսուցիչներին լսելով, վերապատմում էր դրանք։ Նա ամեն ինչից գաղափար ուներ։ Արմանս կյանքի մարդ էր։ Նա իմ առաջին խորհրդատուն էր»։

Տիկին Քրիստինան նաև հիշում է՝ որդու բանակ զորակոչվելուց առաջ հայրիկը ռեպորտաժ նկարելու համար գնացել էր սահմանամերձ գոտիներ։ «Եկավ տուն տպավորված, բայց ասաց. «Արմանը որտեղ ուզում է ծառայի, միայն ոչ Մարտակերտում։ Երեսուն մետրի վրա տեսնում ես ադրբեջանցուն, այնքան վտանգավոր է»։ Մեծ տղաս էլ, ի դեպ, Ջրականում էր ծառայել։ Վիճակահանության ժամանակ Արմանն ընտրեց Մարտակերտը։ Երբ իրեն հարցնում էի՝ Արմա՛ն, գո՞հ ես, արձագանքում էր. «Մա՛մ, դրախտ եմ ընկել, իմ դրախտը գտա»։ Այնքան երջանիկ էր, որ զինվոր է դարձել։ Նույնիսկ պատերազմի ժամանակ, երբ անգամ հինգ օր ուտելիք չեն ունեցել, ինձ հետ զրուցելիս երբեք չի տրտնջացել»։

Սեպտեմբերի 26-ին Արմանը երեկոյան զանգահարում է մայրիկին։ «Ասաց, որ պատերազմ է սկսվում. «Վաշտը հավաքեցին, հայտնեցին, որ տագնապի դեպքում արագ հավաքվենք»։ Նորակոչիկները պետք է բունկերներ տեղափոխվեն։ Մեծ տղաս Արմանիս ասաց. «Չանհանգստանաս, ամեն ինչ լավ կլինի, ուղղակի ինձ հետ կապ պահի»։ Վազգենս ինձ հանգստացրեց, որ իրենց ժամանակ էլ են դիվերսիաներ եղել, երևի նման դիվերսիայի վտանգ կա։ Հաջորդ առավոտյան արդեն լսեցինք պատերազմի լուրը։ Վազգենս զանգեց Ջրական՝ իր ընկերոջը։ Նրա զանգին ադրբեջաներենով էին պատասխանել։ Մեծ տղաս մեզ ոչինչ չասաց։ Հագնվեց, դուրս եկավ տանից և գնաց ուղիղ զինկոմիսարիատ՝ կամավորագրվելու։ Երեկոյան արդեն ինձ Գորիսից զանգահարեց»։

Արմանը համարյա ամեն օր կապի մեջ է եղել ընտանիքի հետ։ «Զանգերը կարճ էին. «Մա՛մ, լավ եմ։ Զանգում եմ ապերին, չի պատասխանում»։ Արմանիս չէի ասում, որ մեծ եղբայրն էլ է մարտի դաշտում։ Բայց այլևս հնարավոր չէր թաքցնել, և մի օր ասացի, որ եղբայրն էլ է Արցախում։ Արմանն իր հանգիստը կորցրեց։ Արմանի ու Վազգենի միջև կապող օղակ էի դարձել, իրար հետ այդպես էլ չկարողացան կապ հաստատել։ Երևի Աստված այդպես կամեցավ։ Եթե Վազգենս իմանար, որ Արմանը բունկերում չէ, այլ կռվի մեջ, կթողներ իր դիրքը և կգնար եղբոր մոտ։ Իսկ այդ դեպքում գուցե արդեն երկուսն էլ չվերադառնային պատերազմից»։

Հոկտեմբերի 13-ից հետո մի քանի օր Արմանը չի զանգահարում։ «Վերջապես զանգահարեց։ Նա կարծես 40 տարեկան մարդու ձայնով խոսեր. «Մա՛մ, աչքիս առաջ բոլոր ընկերներս մի վայրկյանում պայթեցին, մա՜մ, 28 հոգի... միայն ես եմ ողջ մնացել»։ Իրեն հուսադրում էի՝ Աստված քեզ պահեց, որ պատմես քո ընկերների մասին։ Զանգն անջատեց։ Այդ երեք օրը նա հոսպիտալում էր եղել։ Իմ հետ զրուցելուց հետո ցանկացել էին Արմանին Երևան ուղարկել, բայց նա հրաժարվել էր՝ գնում եմ դիրքեր։ Միացել էր իր ջոկատին»։

Հետո Արմանը կրկին կապ է պահում մայրիկի հետ։ «Ասում էր՝ խնդրում եմ, ապերին համոզիր, թող գա տուն։ Հոկտեմբերի 27-ին՝ ժամը երկուսն անց 25 րոպեին, Արմանս զանգեց. «Մա՛մ, իմ հետ անելու էլ ոչ մի բան չկա։ Մա՛մ, հիշի՝ դու շատ ուժեղ ես։ Ուզում եմ՝ միշտ ուժեղ մնաս, պարտավոր ես ուժեղ լինել։ Ու մեկ էլ՝ փրկի ախպորս։ Աշխարհում քեզ բոլորից ամենաշատն եմ սիրում։ Հաջող»։ Եվ անջատեց։ Այդ ընթացքում փորձում էի հասկանալ՝ նա վիրավո՞ր է, թե՞ ոչ։ Ուզում էի անջատել զանգը, որ ԱԹՍ-ն իրեն չթիրախավորի, բայց նա ուզում էր իր խոսքն ինձ հասցնել։ Զանգից երկու ժամ հետո Արմանս զոհվել է»։

Արմանը զոհվել է հոկտեմբերի 27-ին Մարտակերտում։ Ընտանիքը լուր չուներ Արմանից։ «Մեր հարևանի աղջիկը կամավոր բուժքույր էր։ Նա իր բոլոր ծանոթների միջոցով փորձել էր պարզել Արմանիս գտնվելու վայրը։ Ստեփանակերտում շտապօգնության մեքենայի վարորդին ևս ցույց էին տվել Արմանիս նկարը։ Նա ասել էր. «Մարտակերտից վիրավորներ էինք դուրս բերում, ռմբակոծություն էր, մեքենայիս անիվն ընկավ փոսը, դուրս եկա՝ փորձելով առաջ հրել մեքենան, որ վիրավորին ապահով տեղ տանեմ, այս տղան եկավ ինձ օգնության»։ Արմանս վարորդին օգնել էր ու դրանից հետո հեռացել։ Վարորդն այլևս տեղեկություն չէր ունեցել նրա մասին։ Հարևանուհուս աղջիկը, իմանալով, որ Արմանիս անունը Մարտակերտում զոհվածների ցանկում է, իր եղբոր հետ սկսում է իմ տղային փնտրել։ Ի վերջո, գտնում են Հերացիում։ Նրանք ինձ հայտնեցին բոթը: Իսկ հետո ես ամեն ինչ արեցի, որ Վազգենս տուն վերադառնա։ Ամեն ինչ արեցինք, որ նա չիմանա եղբոր զոհվելու լուրը՝ մինչև տուն հասնելը»։

Մայրիկը նշում է, «Տղաս շատ էր սիրում յոթ թիվը։ Արմանս զոհվել է հոկտեմբերի 27ին, իրեն գտել ենք յոթ օր հետո, իրեն հուղարկավորել ենք նոյեմբերի յոթին։ Նա զոհվել է իր ծառայության 77-րդ օրը»։

Ապրելու ուժի մասին։ «Ապրելու ուժն իմ մեծ տղան տվեց։ Եվ, իհարկե, Արմանիս խոսքերը, որ ուժեղ եմ և չպետք է կոտրվեմ՝ հանուն Վազգենի և Արմանի։ Անգամ հիմա Արմանը մնում է իմ լավագույն խորհրդատուն։ Խոսում եմ իր հետ, լռում, և պատասխանն իմ գլխի մեջ է»։

Հ. Գ. - Արման Բադոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Եռաբլուրում։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

դիտվել է 107 անգամ
Լրահոս
Հռիփսիմե Ջեբեջյանը ձայնագրությունով «պատռեց» Փաշինյանի դեմքը (video) 5 խոշոր բան Գյումրիում․ ինչ է արել Ռոբերտ Քոչարյանը (video) Թեժ կռիվ․ «Պառկել եք՝ ՊՊԾ-ի աշխատակիցները ձեր վրայով անցնեն», «Ձեր հարբած աջակիցները» (video) Սամվել Շահրամանյանի կոշտ պատասխանը՝ Փաշինյանի «զառանցանքներին» (video) Որդիս Ռոբերտ Աբաջյանի անունն է կրում. թող տղաներն ապրեն փոքրիկների մեջ. Վիկտորյա Մարկոսյան (video) Մամ ջան, սպասիր կզանգեմ. չզանգեց. Քառօրյայի նահատակի մայր (video) Չփորձվե՛ք, բոլորս էլ գիտենք՝ ով է հանձնել Արցախը․ Աշոտ Դանիելյան (video) Զավեշտ է Փաշինյան Նիկոլի արդարացումը #ՀԻՄԱ․ «Դե տղա էիր, Պուտինին ատվետ տայիր, կերա՞ր Նիկոլ». Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Հայաստանը մոտ է այն կետին, երբ Ռուսաստանի հետ նրա հարաբերությունները կարող են փոխվել․ Օվերչուկ Սա Իրանին պարտադրված անարդար պատերազմ է. ԱԳՆ խոսնակը հայտնել է հակահարված տալու վճռականության մասին Քառօրյա պատերազմը մեզ համար պետք է մնա ոչ միայն հիշողություն, այլ նաև հստակ դաս․ Անանյան Ապրիլյանին կորցրել եմ ավագ, 44 օրյային՝ կրտսեր որդուս, ցավն անտանելի է (video) Իրավախախտումը չարձանագրելու համար Կոտայքի պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է Ի՞նչ ճնշում Արայիկ Հարությունյանի վրա․ Սամվել Շահրամանյանը մանրամասներ հայտնեց (video) Լույս չի լինելու Փաշինյանի կողմից հրաման է եղել՝ թողնել դիրքերը և դուրս գալ, բայց մենք դուրս չենք եկել․ Աշոտ Սարգսյան (video) Առաջիկա օրերիի եղանակը Այսօր այս մասին կլռեն կամ հերթական մի էշություն դուրս կտան. Աստված լուսավորի հայկական հողը պաշտպանած բոլոր նահատակների հոգին. Վրթանեսյան Փաշինյանը Մոսկվայում ինքն իրեն «մերկացրեց»․ Զատուլին (video) «Կա ընտրության մեծ հնարավորություն. որքան շատ լինի մասնակցությունը, այնքան վարչական ռեսուրսով իշխանությունների կողմից ստացվող ձայների ընդհանուր կշիռը քիչ կլինի». «Փաստ» Ասում են՝ ասել եք «cпасибо» Պուտինին, բայց իրենք էին երաշխավորում մեր՝ այդ պահին Արցախում ապրելը (video) Գևորգ Գևորգյանը «Համահայկական ճակատ» կուսակցության հետ որևէ կապ չունի. «Փաստ» Երեկ Պուտինը փոխանցեց մի ուղերձ, որը միաժամանակ և՛ դիվանագիտական էր, և՛ քաղաքականապես կործանարար. Օսկանյան #ՈՒՂԻՂ․ Պուտինը Նիկոլին ասաց․ «Էս էիր ուզու՞մ»․ Արամ Սարգսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am