Վճռականորեն դատապարտում ենք 18-ամյա Դավիթի նկատմամբ վճիռը․ «Միասին» շարժման հայտարարությունը
«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հայտարարություն է տարածել․
«Իշխանության ծայրաստիճան ճղճիմ, մանրախնդիր, նսեմ և, ամենակարեւորը, հակաօրինական դրսևորումն է 18-ամյա Դավիթ Մինասյանի նկատմամբ 2 -ամսյա կալանքի «դատավորի» որոշումը։
Թվում է՝ սպառված են հանրության վրդովմունքի, զարմանքի չափաբաժինները, այնինչ․․․ դեռ իջնում և իջնում է ի պաշտոնե վարչապետը, կարծելով, թե ահաբեկման, սարսափի, ճնշումների մթնոլորտ տարածելով և ահագնացնելով, հավատարիմ դատավորների միջոցով բանտերը լցնելով՝ հնարավոր է երկարաձգել այդքան բաղձալի իշխանությունը։
Ստացվում է, փոքրոգի է, քինախնդիր է իշխանավորը, որը տոնական Ծաղկազարդի կիրակի օրը թիկնազորով ներխուժում է պատարագի, հավատացյալներին հրմշտում, խախտելով ամեն ծիսական կարգուկանոն, վստահաբար իմանալով, որ մերժված է, պարտված է, չընդունված է։ Ի՞նչ է սա, եթե ոչ սադրանք, ահաբեկում։
Վճռականորեն դատապարտում ենք, դատավոր Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճիռը, ով անգամ հաշվի չի առել երիտասարդի՝ կալանքի հետ անհամատեղելի առողջական վիճակը, պահանջում ենք չեղարկել այն, գործել բացառապես Սահմանադրության և օրենքի շրջանակներում՝ հարգելով մարդկային տարրական համակեցության, բարոյականության անխախտ կանոնները»։
