Բեյրութում Իսրայելի հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ Բեյրութի Ջնահ շրջանի վրա իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի, իսկ վիրավորներինը՝ 26-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Իսրայելական բանակը հայտնել է, որ Բեյրութի վրա հարձակման ժամանակ Իսրայելի ռազմածովային ուժերի ճշգրիտ հարվածի արդյունքում սպանվել է «Հեզբոլլահ»-ի հարավային ճակատի հրամանատար Հաջ Յուսեֆ Իսմայիլ Հաշեմը։
«Հեզբոլլահ»-ը դեռևս մեկնաբանություն չի արել այս առնչությամբ։
Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են, որ իսրայելական ուժերը շարունակում են ռմբակոծել Լիբանանի հարավային շրջանները։
Միևնույն ժամանակ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերով թիրախավորել է Իսրայելի Տիբերիա լճի հյուսիսում գտնվող Ամիադ բազան։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ «Հեզբոլլահ» շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։
Լիբանանում մարտի 2-ից ի վեր զոհերի ընդհանուր թիվը մոտ 1250 է, իսկ վիրավորներինը՝ ավելի քան 3680։
