«Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը կյանքեր է վտանգում. հայտարարություն
«Արմավիր» ՔԿՀ-ի բուժանձնակազմի համակարգային անգործությունը վտանգում է կյանքեր։ Այս մասին հայտարարություն է տարածել Prison Monitoring Group-ը։
««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցողը այլևս համակարգային ձախողում է, որտեղ մարդիկ փաստացի մնում են առանց բուժման։
Դիտորդական խմբի այցի ընթացքում (26/03/2026թ․) արձանագրվել են առողջության և բուժօգնություն ստանալու իրավունքի լրջագույն խախտումներ, որոնք պետք է արժանանան պատասխանատու մարմինների արձագանքին։
Խմբի կողմից փաստագրվել են դեպքեր, երբ քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք կատարել են ինքնավնասումներ, ինքնասպանության փորձեր, հայտարարել հացադուլ, սակայն մնացել են առանց պատշաճ բժշկական օգնության։ Քրեակատարողական հիմնարկում բազմաթիվ ազատազրկված անձինք ունեն հիվանդություններ, որոնք առնվազն նախնական գնահատմամբ կարող են հանդիսանալ պատժի հետ անհամատեղելի, սակայն այս նպատակով անհապաղ բժշկական հետազոտություններ չեն կազմակերպվում։
ՀՀ Սահմանադրությունը, Եվրոպական կոնվենցիան և ՄԱԿ-ի Նելսոն Մանդելայի կանոնները հստակ պարտադրում են․ պետությունը պարտավոր է ապահովել ազատազրկված անձանց առողջությունը։
Բայց իրականությունը հակառակն է․ մարդիկ փակված են համակարգում, որտեղ նրանց ձայնը հասանելի չէ հասարակության լայն շրջանակին և բուժում ստանալը կախված է մի շարք հանգամանքներից։
Ազատությունից զրկված անձինք չեն կարող ինքնուրույն ապահովել իրենց առողջությունը և ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ Է ՍՏԱՆՁՆՈՒՄ ԼԻԱՐԺԵՔ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆՐԱՆՑ ԿՅԱՆՔԻ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։
ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է՝
Ցուցաբերել անհապաղ բժշկական օգնություն բոլոր արձանագրված դեպքերով,
Քննարկել ազատազրկված անձանց պատժի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ուսումնասիրության և անկախ բժշկական գնահատումների հետ կապված հարցերը,
Պատշաճ բժշկական վերահսկողության տակ պահել ինքնավնասում, ինքնասպանության փորձ կատարած, հացադուլ հայտարարած անձանց առողջական վիճակը»։
