Փաշինյանը 26 թվականի ժողովրդի մեջ ուզում է 18 թվականի ժողովրդին տեսնել, բայց չի ստացվում. Հրապարակ
Հրապարակը գրում է․ Շաբաթ-կիրակի օրերին Նիկոլ Փաշինյանը փորձեց ջնջել նախորդ շաբաթվա դառնահամը, որը մնացել էր արցախցի Արմինե Մոսիյանի հետ լեզվակռվից հետո: Այս անգամ վարչապետին «պատահաբար» հանդիպող երևանցիները շատ ավելի բարի էին նրա հանդեպ, բարևն անմիջապես առնում էին, խոսում էին միայն իրենց սոցիալական կարիքներից, հաճույքով համաձայնում էին նվեր քարտեզներն ընդունել: Մի կին նույնիսկ խնդրեց իր աղջկան այդ քարտեզից նվիրել, քանի որ վերջինս չի կարողանում մայրանալ: Ու Նիկոլը ասաց՝ «շատ լավ» ու նվիրեց: Մեկ-երկու միջադեպ եղան, իհարկե:
Մի ֆեյք տիկին շնորհակալություն հայտնեց Փաշինյանին ու ներկայացավ որպես նախկին ռազմագերի Սուջյան Գեւորգի հորաքույր, իսկ Գեւորգ Սուջյանը հայտարարեց, որ տիկինն իր հորաքույրը չի՝ նրան չի էլ ճանաչում:
Մի բժշկուհի էլ Փաշինյանին փորձեց դաս տալ. «Կներեք, էլի, ազնիվ անկեղծ, բան ասեմ, ես բացարձակ կապ չունեմ քաղաքականության հետ, բայց կարծում եմ, այս մանր խոսակցությունները ձեզ հարիր չեն, մեծ են ձեր մաշտաբները, էսքան ներքեւ իջնել ձեզ չի կարելի»: Ու փորձեց բացատրել, որ Փաշինյանը պետք է քիթ սրբելու ժամանակ չունենար, ոչ թե այսքան զվռներ փողոցներով, անգամ իրեն՝ սովորական բժշկուհուն ժամանակը չի հերիքում գործերի համար: Մեր ժողովուրդը սովոր է, որ երկրի ղեկավարը պետք է սոլիդ լինի, լրջմիտ, ծանրակշիռ պահվածք պետք է ունենա, ու ի դեմս բժշկուհու դաս է տալիս Փաշինյանին: Բայց պացիենտը չի հասկանում: Գետնին նայելով, ծիծաղում է. «Ներքեւ, ո՞ւր, որտե՞ղ եմ իջել»:
Մեծ հաշվով այդ միջադեպերը չէին խաթարում վարչապետի հրճվանքը, ու Էսպես անհոգ ու ուրախ էլ կանցներ կիրակին, եթե Փաշինյանը հանկարծ չորոշեր գնալ Սուրբ Աննա եկեղեցի, պատարագին մասնակցելու: Եկեղեցում հնչեց Վեհափառ Հայրապետի անունը, եւ Նիկոլը թիմով կիսատ թողեց պատարագը, ողջ շքախմբով ճեղքեց հավատացյալ ժողովրդի շարքերը, հոսանքին ընդառաջ, թեեւ ի սկզբանե պարզ էր, որ «Սուրբ Աննայում» պատարագի ժամանակ Վեհափառի անունը չի զեղչվելու, ինչպես չէր զեղչվել նաեւ Գեղարքունիքում, վարչապետի այցի մասին էլ նախապես չէին տեղեկացրել:
Հենց այդ ժամանակ էլ Երևանով մեկ լուր տարածվեց, թե մի քաղաքացի եկեղեցում չի դիմացել ու փորձել է խփել Փաշինյանի գլխին: Թե քանի մարդու սիրտ հովացավ, այդ մասին պատմությւոնը լռում է, բայց հազարավոր երևանցիներ իրենց գցեցին սոցցանցերը, որ տեսնեն, թե ոնց են հարվածում Փաշինյանին: Այդպես էլ չտեսան: Քաղաքացու ձեռքը պլստաց ու անօգնական կախվեց օդում, չկպչելով Նիկոլի գլխին: Այդպես երեխաները մեր մանկության տարիներին «Տըըըըզ» խաղն էին խաղում, կտացնում, կամ թեթեւ հարվածում էին մեջքով կան գնածի գլխին, որը պետք է գուշակեր, թե ով էր խփողը: Գուշակողն այս դեպքում Քննչական կոմիտեն է, որը միանգամից երեք հոգու՝ եղբայրներ Դավիթ և Միքայել Մինասյաններին եւ ազատամարտիկ Գեւորգ Գևորգյանին, որը համարձակվել էր թարս նայել Փաշինյանին, մեղադրանքներ առաջադրեց՝ խուլիգանության եւ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով: Գեւորգյանի շշպռող հայացքը տիրաժավորվեց սոցցանցերում, իսկ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունից հասկացանք վերջապես, թե ինչ էր անում Փաշինյանը «Սուրբ Աննայում»: Փաստորեն, խցկվելով հավատացյալ ժողովրդի մեջ, նա «քաղաքական գործունեություն» էր իրականացնում, սադրելով ու պատարագը հարամ անելով:
Եթե սա քաղտեխնոլոգիա է, որի նպատակն է հանրությանն իր անձով զբաղեցնել, ապա հազիվ թե նման մեթոդներով ՔՊ-ի ձայներն ավելանան, այդ դեպքում ի՞նչ է ուզում Նիկոլը: «Չեմ կարող ասել, թե իր գլխում ինչ է կատարվում: Ինձ ավելի շատ թվում է, թե նա այլեւս ադեկվատ չէ իրականությանը, ու նաեւ որոշակի պանիկա ունի, եւ նրա քայլերը տրամաբանական չեն: Նա ուզում է ժողովրդի մեջ մտնի, ինչպես 18 թվականին, բայց նրա մոտ չի ստացվում: Աննան էլ կողքը չի, որ խորհուրդներ տա», - ասում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը: Այլ կերպ ասած՝ Փաշինյանը 26 թվականի ժողովրդի մեջ ուզում է 18 թվականի ժողովրդին ճանաչել, ու չի ստացվում:
Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքը հակառակն է: Նա գտնում է, որ Փաշինյանը մտածված է գնում սադրանքների, սկանդալներ հրահրում, որովհետեւ դրանք ապահովում են աղմուկ եւ քննարկում իր շուրջ: «Հայտնի ռուսական ասացվածք կա՝ «Бояре плохие, царь хороший», ու հասարակության մեջ էլ բոլոր ժամանակներում կա մի շերտ, որն այդպես է կարծում: Քանի որ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել, նա կարծում է, թե դրա պատճառը ոչ թե ինքն է, այլ իր թիմը, որը վատ է աշխատում: Նա անկեղծ որոշել է շփվել ժողովրդի հետ: Գնում է մարզեր, գյուղացիների հետ է հանդիպում, քաղաքների բնակիչների, եւ այդ ամենն անում է մաքասիմալ աղմկահարույց, որ աղմուկն իրեն միշտ հասարակ մարդու ուշադրության կենտրոնում պահի: Եկեղեցին այն տեղն է, որտեղ բազմաթիվ մարդիկ են հավաքված: Նա մտավ եկեղեցի, որպեսզի աղմուկ լինի, որն ապահովեց քննարկում իր շուրջ: Իսկ երբ կա քննարկում, հասարակության մեջ միշտ ինչ որ շերտ է լինելու, որն իրեն է պաշտպանում, եւ մի շերտ, որն իրեն դեմ է: Այս սադրանքները կազմակերպելով, Փաշինյանը փորձում է կոնսոլիդացնել այն զանգվածը, որն իր կողքին է, որովհետեւ իր թիմը կամաց -կամաց կոռոզիայի է ենթարկվում, կրիստալիզացված զանգվածը շատ փոքր է: Որպեսզի նա կարողանա իր տակից փախած զանգվածը կրկին վերականգնի, նա պետք է աղմկահարույց քայլերի գնա, ինչն էլ անում է», - ասում է քաղաքագետը:
