Փաշինյանի հետ միջադեպի մասնակից Դավիթի կալանքի միջնորդությունը մակագրվել է Մնացական Մարտիրոսյանին
Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդությունը մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Քրեական դատարանի Կենտրոն նստավայրի դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ Այս մասին 24News-ի հարցմանն ի պատասխան հայտնեցին Երևանի քրեական դատարանից։
Այս պահին դատական նիստի ժամը դեռ հայտնի չէ։ Մյուս եղբայրը՝ Միքայել Մինասյանը, քիչ առաջ ազատ արձակվեց Երևանի քննչական վարչությունից, սակայն նա ունի մեղադրյալի կարգավիճակ։
Հիշեցնենք, որ մարտի 29-ին միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ։
Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։
«Ըտենց չնայես ինձ»,– ասել էր քաղաքացին, ինչից հետո երկվորյակ եղբայրներին բերման էին ենթարկել:
Մերի Մանուկյան
