Երկվորյակ եղբայրներին այս պահին տեղափոխում են Երևանի քննչական վարչություն
Երկվորյակ եղբայրներին այս պահին տեղափոխում են Երևանի քննչական վարչություն: Քիչ ավելի ուշ մեղադրանք կառաջադրեն: Այս մասին 24News-ին հայտնեց տղաների փաստաբան Վարդուհի Էլբակյանը:
Քիչ առաջ էլ ՔԿ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի` Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի առթիվ վարույթի նախաքննության ընթացքում Դ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը), Մ.Մ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությանն աջակցելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելուն աջակցելը) և Գ.Գ.-ի նկատմամբ՝ 46-297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը կազմակերպելը) և 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը կազմակերպելը):
Հիշեցնենք, որ մարտի 29-ին միջադեպ է տեղի ունեցել Երեւանի Սուրբ Աննա եկեղեցում, որտեղ Ծաղկազարդի պատարագի էր մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ։
Մոտ 20 րոպե պատարագին մասնակցելուց հետո եկեղեցուց դուրս գալիս մի երիտասարդ փորձել էր մոտենալ, սակայն Փաշինյանի թիկնապահները թույլ չէին տվել ու քաշքշել էին նրան հենց եկեղեցու ներսում։
«Ըտենց չնայես ինձ»,– ասել էր քաղաքացին, ինչից հետո երկվորյակ եղբայրներին բերման էին ենթարկել:
