Եռաբլուրում որդեկորույս ծնողների նկատմամբ բռնության գործով նոր քննություն կիրականացվի․ «Փաստինֆո»
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին «Եռաբլուր» զինվորական պանթեոնից ուժի կիրառմամբ բերման ենթարկելու գործով նոր քննություն կիրականացվի։ Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դատախազության բողոքը, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ 2022թ. սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը՝ վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ Եռաբլուրից բերման էին ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ նա է իրենց որդիների մահվան մեղավորը։ Ոստիկանությունից հայտարարել էին, թե նրանք բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ «ոստիկանների օրինական պահանջը չկատարելու» համար, թեև տարածված տեսանյութերում պարզ երևում էր, որ ոստիկանները որևէ պահանջ չեն ներկայացրել, նախ՝ ուժի գործադրմամբ բերման են ենթարկել հայրերին, ապա նաև՝ մայրերին։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից մի քանիսը ստացել էին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնք հետագայում հաստատվել էին նաև դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ։
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։ Քրեական գործը տևական ժամանակ «քնեցվեց», արդյունքում դատախազությունը որոշում կայացրեց ոստիկանության ծառայողների նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու մասին, ապա՝ գործի վարույթը կարճվեց։ Տուժող կողմը, սակայն, չի համաձայնել այս որոշումների հետ և վիճարկել է հիշյալ երկու որոշումները դատական կարգով։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
