Ավելի քան 100 միլիոն ամերիկացի համոզված է, որ իր կենդանության օրոք ականատես կլինի աշխարհի վերջին․ The Hill
Ավելի քան 100 միլիոն ամերիկացի (ԱՄՆ բնակչության մեկ երրորդը) համոզված է, որ իր կյանքի օրոք ականատես կլինի աշխարհի վերջին։ Այս մասին The Hill պարբերականի իր հոդվածում գրում է հետազոտող Ջոն Մաք Գլիոնը։
Հեղինակը հղում է անում հոգեբանության ոլորտի հեղինակավոր մի գիտական ամսագրի և նկատում, որ եթե նախկինում ԱՄՆ-ում ապոկալիպսիսին հավատում էին միայն որոշ քրիստոնեական խմբեր կամ առանձին «տարօրինակ» մարդիկ, ապա այսօր այդ սահմանները ջնջվել են։ Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո առավել հաճախ է հնչում «Երրորդ համաշխարհային պատերազմ» արտահայտությունը։
«Հետազոտողները պարզել են, որ ավելի քան 100 միլիոն ամերիկացի վստահ է, որ ապոկալիպսիսը տեղի կունենա հենց իրենց կյանքի օրոք։ Սա այլևս լոկ անորոշ տագնապ չէ, այլ միանգամայն հստակ համոզմունք, որը սնվում է կլիմայի փոփոխությամբ, միջուկային պատերազմի վախով, տնտեսական փլուզմամբ և արհեստական բանականության զարգացմամբ»,- նշվում է հրապարակման մեջ։
Ըստ Գլիոնի՝ այն մարդիկ, ովքեր կարծում են, թե աշխարհի վերջը մարդկային գործոնի հետևանք է լինելու, պատրաստ են աջակցել ամենածայրահեղ քայլերին՝ դա կանխելու համար։ Իսկ նրանք, ովքեր համոզված են, որ դա Աստծո կամքն է և ոչինչ փոխել հնարավոր չէ, շատ ավելի քիչ են հակված ռադիկալ գործողությունների։
