Սխալմունք, որ շտկման կարիք ունի…
Պատվո Լեգեոնի շքանշանը համամարդակային արժեք է, գնահատման ճշմարիտ սանդղակ, սոցիալական արդարության շիտակ կշռաչափ և պատվի անգերազանցելի որակավորում։
Մարդկության մեծագույններից Նապոլեոնը մտածեց և ստեղծեց այն ոչ որպես զուտ մեդալ, այլ ինստիտուտ, որի համակարգային իմաստը մարդու նկատմամբ վերաբերմունքն է ոչ ըստ ծագման, տիտղոսի կամ պաշտոնի, այլ ըստ արժանիքի։ Այսինքն, շքանշանակիր են և’ մարշալ Մասսենան և’ թմբուկահար Անդրե Էթյենը։
Պատվո Լեգիոնի օրդենը հաղթանակի մասին է, հաջողության, ձեռքբերումների և նվաճումների, անհատականության վառ դրսևորման, այն գործունեության էության և ազդեցության չափիչ է։
Այդ դեպքում ի՞նչ գործ ունի պարտված երկրի, վերստին չհաղթած բանակի, միայն տեխնիկական վիճահարույց արդյունքների մասին խոսող, Արցախը Ադրբեջանի մաս ճանաչող֊ամրագրող, պարտությունները լեգիտիմացնող, թուլության և նահանջի քարոզ իրականացնող, պատմությունը ուրացող, ժողովրդին պատերազմով ահաբեկել կաշկանդող վարչակազմ֊կառավարության կարկառուն անդամը, մի նախարարության պետը, ում գերատեսչությունը, որը ժամանակին սուպերմինիստրություն էր, իսկ հիմա նույնիսկ չի կարող հանել թշնամի հարևանի զորքերը մեր տարածքից, պաշտպանել մարդկանց, հանդես գալ որպես պետության անվտանգության գլխավոր երաշխավոր։
Հայկական բանակը չի կարող դիմագրավել ոչ մի արտաքին ոտնձգություն։
Պաշտպանության նախարարությունը չի կարող պաշտպանել ոչ մի բան։
Եվ կապ չունի քանի զրոյով քանի տոննա զենք ես առնում։ Կարևորը առաջնորդների ռազմական ոգին է, ռազմավարական միտքը, մինչև վերջ պայքարողի կամքը, խիզախության անմար կրակը, մարտավարական ունակությունները, երբեք չհանձնվելը։ Եվ, եթե վերոգրյալը չկա, ուզում ես ատոմային ռումբ ունեցիր, մեկ է՝ պարտվելու ես հրացանով մարդուն, ով տիրապետում է վերոնշյալին։
Թվում է, թե հայերիս համար սա պիտի հպարտանալու ու ուրախանալու առիթ լիներ, թե մեր ֆլան֊ֆստանին բանի տեղ են դրել, բայց ոչ այս դեպքում։ Ի՞նչու, որովհետև մենք նրանց հետ ընդհանուր ՀԱՅՐԵՆԻՔ չունենք, և սրանով ամեն ինչ ասված է։
Միգուցե խրախուսելուց բացի ինչ֊որ մի տեղ, հեռատեսորեն հասկանում են, որ օրվա ղեկապետը այսպես և այս ոճով արդեն հասել է երերման եզրագծին ու բացասական խիտ էներգետիկա կուտակել իր դեմ և փորձում են թիմի մեջ համեմատաբար ոչ սկանդալային, զուսպ ու փուչ մեկին գտնել, բայց դա մեզ պիտի չհետաքրքիրի։ Մենք սա չենք համարում պետության և ժողովրդին պատիվ, այլ սխալմունք, որը շտկման կարիք ունի։
Պատմաբան, հրապարակախոս
Ռուբեն Վարդանյան
