«Տեղի է ունեցել կեղծ տեղեկատվության արտահոսք»․ Փաստաբանը՝ Աշխեն Ալեքսանյանի գործի մասին
Ինչպես արդեն հայտնի է, ԱԳՆ աշխատակից Աշխեն Ալեքսանյանը պետական դավաճանության մեղադրանքով արդարացվել է։
Դատարանը գտել է, որ մեղադրյալին վերագրված և Դատարանի կողմից հաստատված արարքը համապատասխանում է ոչ թե պետական դավաճանության, այլ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու կամ լիազորություններն անցնելու հանցակազմին։
Մեղադրյալի փաստաբան Աբգար Պողոսյանը Aysor.am-ի հետ զրույցում այս փաստի առնչությամբ նշել է.
«Մեր հետագա քայլերի գլխավոր մոտիվացիան այն է, որ ապագայում այլ անձինք հնարավորինս զերծ մնան նման իրավիճակներում հայտնվելուց, ինչպես նաև պետությունը կատարի իր պոզիտիվ պարտականությունը անձի նկատմամբ։ Պետք է հաշվի առնել, որ տվյալ դեպքում անձը հայտնվել է մեղադրյալի աթոռին՝ նախաքննական գաղտնիքով պաշտպանված գործի շրջանակում։
Տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք, ընդ որում՝ ամբողջությամբ կեղծ տեղեկատվության։ Այսինքն՝ այդ արտահոսքի մեջ որևէ տվյալ չի եղել, որը կհամընկներ իրականության հետ, բացառությամբ այն հանգամանքի, որ մեղադրյալը հանդիսանում է ԱԳՆ աշխատակից։ Հետևաբար, այստեղ առկա է նաև պետության պարտականությունը՝ պաշտպանել քաղաքացուն նման միջամտությունից, քանի որ մեղադրյալը ևս ունի այդ պաշտպանության իրավունքն ու կարիքը։ Ավելին, սովորաբար հենց մեղադրյալներն են առավելապես ունենում արդարադատության և արդարության կարիք։
Այս պայմաններում, բնականաբար, հետամուտ ենք լինելու բոլոր հնարավոր իրավական մեխանիզմներով՝ խախտված իրավունքների վերականգնմանը։ Իհարկե, ակնհայտ է, որ այդ իրավունքները նույն ձևով այլևս չեն վերականգնվի, սակայն դրանց որոշակի վերականգնման ուղղությամբ համապատասխան գործողություններ իրականացվելու են»։
Փաստաբանի խոսքով՝ այս փուլում դեռևս վաղ է խոսել կոնկրետ քայլերի մասին, քանի որ առկա է միայն առաջին ատյանի դատական ակտը։
«Բնականաբար, դատախազությունը բողոքարկելու է այն Վերաքննիչ քրեական դատարանում, ինչպես նաև պաշտպանական կողմը նույնպես բողոքարկելու է այն մասով, որով կայացվել է մեղադրական դատավճիռ, որի հետ մենք ևս համամիտ չենք։
Հետևողական ենք լինելու՝ պարզելու, թե որտեղից է տեղի ունեցել տեղեկատվության արտահոսքը և ապահովելու, որ պատասխանատու անձինք ենթարկվեն պատասխանատվության, ինչպես նաև կանխելու նմանատիպ դեպքերի կրկնությունը։ Ինչպես արդեն ասացի, գործը եղել է նախաքննական գաղտնիքով պաշտպանված, և նույնիսկ եթե խոսքը լիներ իրական տեղեկատվության արտահոսքի մասին, դա արդեն իսկ խնդրահարույց կլիներ։ Մինչդեռ տվյալ դեպքում տարածվել են իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, ինչից հետո արդեն տարածվել է անձի՝ երիտասարդ կնոջ լուսանկարը և հասցվել է այնպիսի վնաս, որը մեծապես անդառնալի է և ամբողջությամբ շտկել այլևս հնարավոր չէ։
Այդուհանդերձ, մենք անպայման հետամուտ ենք լինելու այս հարցին, սակայն առավել հստակ քայլերի մասին հնարավոր կլինի խոսել այն ժամանակ, երբ գործով կայացվի վերջնական դատական ակտ»։
