Հայհոյանքներով հայտնի հերթական ՔՊ-ականը․ ով կփոխարինի Վլադիմիր Վարդանյանին
Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանին ընտրելուց հետո խորհրդարանում նրան կփոխարինի ՔՊ ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, 2021 թվականից Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը։ Այս մասին 24News-ը տեղեկացավ ԿԸՀ-ից։ Ըստ կայքի ամփոփված տվյալների՝ նա ցուցակում 104-րդն է։
24News-ը կապ հաստատեց Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանի հետ՝ ճշտելու՝ վերցնելու՞ է պատգամավորական մանդատը, թե ոչ։ Ի պատասխան՝ Զարոյանը նշեց, որ դեռ որոշում չունի։
Զարոյանից հետաքրքրվեցինք՝ ո՞վ է որոշելու՝ վերցնի թե ոչ։ Ասաց, որ ինքը, բայց, այդուհանդերձ, պետք է քննարկվի վարչության նիստում։
Հարցրինք նաև՝ իր համար գերադասելի՞ է մարզպետի տեղակալի պաշտոնը, քանի որ մի քանի ամիս է մնացել ընտրություններին, և, ըստ էության, փոփոխությունը արդյունավետ չի լինի։ Զարոյանն ասաց. «Գերադասելու առումով չէ, բայց հնարավոր է՝ դրանով պայմանավորված չվերցնեմ»։
Նշենք, որ Զարոյանը հայտնի է սոցիալական ցանցերում հայհոյելով, որոշ ժամանակահատվածում ազատվել էր փոխմարզպետի պաշտոնից, ապա նորից նշանակվել։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն էլ ընտրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի անդամ, ինչի արդյունքում վայր է դրել պատգամավորական մանդատը։ Նրան կփոխարինի «Հայաստան» դաշինքով պատգամավորի թեկնածու առաջադրված Հրաչուհի Միրզոյանը, որը ցուցակում 54-րդն է։
