Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին 10 օրով հետաձգել էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները․ WSJ
Իրանը չի խնդրել ԱՄՆ-ին 10 օրով հետաձգել Իսլամական Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքներին ուղղված հարվածները, հաղորդում է The Wall Street Journal-ը (WSJ)՝ հղում կատարելով աղբյուրներին։
Լրատվամիջոցի տվյալներով՝ Թեհրանը նաև վերջնական պատասխան չի տվել Վաշինգթոնի 15 կետից բաղկացած առաջարկին, որն ուղղված է հակամարտության դադարեցմանը, չնայած իրանցի պաշտոնյաները հայտարարում են, որ բաց են բանակցությունների համար։
Նշվում է, որ Թեհրանում հրաժարվել են, իրենց կարծիքով, «չափազանց շատ պահանջներից»։ Մասնավորապես, նրանք մերժել են հրթիռային ծրագրի շուրջ բանակցությունները որպես մեկնարկային կետ ընդունել և հրաժարվել են պարտավորվել մշտապես դադարեցնել ուրանի հարստացումը։
Լրատվամիջոցը նշում է, որ միջնորդների գնահատականներով՝ կարճաժամկետ հրադադարի հավանականությունը մնում է ցածր, քանի որ և՛ Վաշինգթոնը, և՛ Թեհրանը հաստատակամորեն պահպանում են դիրքորոշումները, որոնք հիմնականում անհամատեղելի են:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի կառավարության խնդրանքով որոշել է Իրանի էլեկտրակայաններին նախատեսված հարվածները հետաձգել մինչև ապրիլի 6-ը։
