Հոգևոր վերելքը սկսվում է հենց մեր տնից, երբ ընտանիքը դառնում է «փոքր եկեղեցի». ընտանիքով Աստծուն ծառայելու օգուտներն անգնահատելի են. Տեր Աբրահամ
Ընտանիքով Աստծուն ծառայելու օգուտներն անգնահատելի են թե՛ հոգևոր, թե՛ բարոյական տեսանկյունից, նշում է Դաշտավանի Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը։
Տեր Հոր խոսքով՝ այսօրվա աշխարհում, որտեղ ամեն ինչ փորձում է բաժանել ու օտարացնել մարդկանց, Քրիստոսի շուրջ համախմբված ընտանիքը մնում է այն միակ լուսավոր կղզյակը, որտեղ սերը երբեք չի սպառվում
««Եւ այնտեղ նրան ընթրիք տուեցին. սպասարկում էր Մարթան, իսկ Ղազարոսը նրա հետ սեղան նստածներից մէկն էր» (Յովհաննէս 12:2)։
Բեթանիայի այս տան պատկերը քրիստոնեական ընտանիքի կատարյալ տիպարն է, որտեղ յուրաքանչյուրն իր տեղն ու դերն ունի Տիրոջն ընդունելու գործում։ Մեծ Պահքի այս օրերին սա հիշեցում է, որ հոգևոր վերելքը սկսվում է հենց մեր տնից, երբ ընտանիքը դառնում է «փոքր եկեղեցի»։ Համատեղ աղոթքն ու Սուրբ Գրքի ընթերցանությունը ստեղծում են մի այնպիսի միջավայր, որտեղ խնդիրները լուծվում են ոչ թե վեճերով, այլ սիրով ու խոնարհությամբ, քանի որ Քրիստոսն Ինքն է դառնում այդ տան Մշտական Հյուրը։
Ընտանիքով Աստծուն ծառայելու օգուտներն անգնահատելի են թե՛ հոգևոր, թե՛ բարոյական տեսանկյունից։ Միասին եկեղեցի գնալը զավակներին տալիս է անփոխարինելի օրինակ՝ սովորեցնելով նրանց սրբության հանդեպ հարգանք և պատասխանատվություն։ Երբ ծնողն ու զավակը կողք կողքի ծնկում են աղոթքի, վերանում են սերունդների միջև եղած պատնեշները, և հաստատվում է հոգևոր համերաշխություն։ Բացի այդ, Աստծուն ծառայող ընտանիքը ձեռք է բերում հոգու խաղաղություն, որը չի կարող տալ ոչ մի նյութական բարիք։
Եկեղեցու միջոցով ընտանիքի անդամները սովորում են անձնազոհություն և կարեկցանք, ինչը նրանց դարձնում է ավելի համբերատար միմյանց թերությունների հանդեպ։ Այսօրվա աշխարհում, որտեղ ամեն ինչ փորձում է բաժանել ու օտարացնել մարդկանց, Քրիստոսի շուրջ համախմբված ընտանիքը մնում է այն միակ լուսավոր կղզյակը, որտեղ սերը երբեք չի սպառվում, և որտեղ յուրաքանչյուրն իրեն պաշտպանված է զգում Աստծո օրհնության ներքո»,- նշել է Տեր Աբրահամը։
