Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին․ Փաշինյանն Արցախը կործանել է, եթե ընտրվի՝ Հայաստանով է զբաղվելու․ Բենիամին Մաթևոսյան
Նիկոլ Փաշինյանը Իլհամ Ալիևի նախընտրած թեկնածուն է Հայաստանում, հետևաբար Փաշինյանը ոչ միայն չպետք է խոսի Արցախի, ցեղասպանության և էթնիկ զտման մասին, այլ նաև պետք է փորձի հավասարության նշան դնել հայերի և ադրբեջանցիների գործողությունների միջև։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Բենիամին Մաթևոսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե եթե մենք ասենք, որ Ադրբեջանն Արցախում էթնիկ զտում է իրականացրել, ադրբեջանցիներն էլ կարող են ասել, թե մենք ենք նման բան արել։
«Ավելին՝ Փաշինյանը պետք է մեզ մեղադրի ցեղասպանություն իրականացնելու մեջ։ Հասկանո՞ւմ եք՝ եթե ինքը Ադրբեջանի թեկնածուն է, ապա հենց դա էլ պետք է անի։ Ինձ թվում է՝ սրանից ավելի դիպուկ մեկնաբանություն դժվար է տալ այս իրավիճակին։ Ամեն մարդ, որ գնա ընտրի Նիկոլ Փաշինյանին, ընտրելու է Իլհամ Ալիևին։ Փաշինյանը ուրիշ ի՞նչ պետք է անի դա ապացուցելու համար։ Պե՞տք է գնա «Ենի Ադրբեջան» կուսակցության անդամակցության տոմսը ցույց տա, որ քաղաքացիները հավատան, թե ինքը Ադրբեջանի նախընտրած վարչապետի թեկնածուն է, և այդ կարգավիճակը պահպանելու համար պետք է գնա տարբեր քայլերի, որոնցից մեկն այսպիսի հայտարարություններն են։
Եթե Նիկոլ Փաշինյանը Ռամիլ Սաֆարովին պետական պարգև տա՝ շա՞տ պիտի զարմանանք։ Կամ եթե գնա այսպես կոչված «Շահիդների» պուրակում ծաղկեպսակ դնի՝ շա՞տ պետք է զարմանանք»։
Նա ընդգծեց, որ Փաշինյանի օրոք Հայաստանի համար բացվել է մի էջ, որտեղ ոչ միայն Արցախ չկա, այլ նաև վերջում Հայաստան չպետք է լինի։
«Սա ընդհանրապես էմոցիա չէ։ Ակնհայտ է, թե ինչ է ուզում անել Նիկոլը՝ չկա պետություն, չկա խնդիր։ Հայաստանը չի լինի այն իրավական սուբյեկտը, որը իրեն կարող է պատասխանատվության ենթարկել։ Կարծում եմ՝ մարդկանց պետք է հասցնել այն թեզը, որ ինքը Ադրբեջանի նախընտրած թեկնածուն է։
Հիշեցնեմ՝ անցած տարվա վերջին Փաշինյանն ասում էր, որ անկլավների հարցը պետք է իրավական ճանապարհով լուծել։ Նա Ադրբեջանի թեկնածուն է, որ այդ հարցը «իրավական ճանապարհով» լուծի և անկլավները հանձնի Ադրբեջանին։ Եթե այս համատեքստով մարդկանց ներկայացնենք, թե ինչու է ինքը Ադրբեջանի թեկնածու և ինչու է դա Ադրբեջանին ձեռնտու, կարծում եմ՝ այդ «կրծքանշանը» չվերցնողների թիվը կավելանա»։
Նրա դիտարկմամբ՝ հասարակությունը դեռ մնացել է 2020 թվականի սեպտեմբերի 20-ի խոսույթի շրջանակում։
«Տեսեք՝ երբ նա 2020 թվականի պատերազմի մասին ասում է, որ մենք գնացել ենք զոհողության, տրամաբանորեն դա նշանակում է, որ պատերազմը կանխորոշված էր, ինչպես նաև պարտությունը։ Ավելին՝ եթե ռուսները 2020 թվականին չմտնեին Արցախ, այս մարդը նույն տարում ամբողջությամբ կհանձներ Արցախը»։
Դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է, որ արցախցիները չեն կռվել և սպառնում է փաստաթղթեր հրապարակել, Մաթևոսյանն արձագանքեց, որ ինքը նույնպես արցախցի է և իրեն իրավունք է վերապահում մի հայտարարություն անել, որը կարող է շատերին ցավեցնել։
«Արցախցիների դեմ խոսելու առումով Նիկոլ Փաշինյանի բերանը լեզու են դրել հենց արցախցիները՝ թե՛ շարքային քաղաքացիների զգալի մասը, թե՛ քաղաքական և ռազմական վերնախավի զգալի հատվածը։ 2008-ին նա հակաարցախյան քարոզ էր անում՝ ասում էր՝ քաղաքը ազատագրենք «ղարաբաղցի տականքներից»։ Բայց 2019-ին արցախցիները նրան ծափահարում էին, երբ ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Այս երկու երևույթները չեն կարող միաժամանակ գոյություն ունենալ։
Երբ շրջափակումը սկսվեց, Արցախից հստակ գնահատական չեղավ՝ մեղավորը Փաշինյա՞նն է, թե՞ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը։ Պնդում եմ՝ արցախցիներն են նրա բերանը լեզու դրել։ Մենք նույնպես շատ բան ենք թույլ տվել, որ նա դա ասի։ Արդյունքում նրա ձեռքերը հասան Արցախին, և նա ամբողջությամբ կործանեց այն։ Եթե առաջիկա հինգ տարիներին նա մնա իշխանության, արդեն Հայաստանով է զբաղվելու»։
