Թուրքիայում կալանավորվել է Աթաթուրքի օդանավակայանի ահաբեկչության կազմակերպիչներից մեկը
Թուրքիայում կալանավորվել է 33-ամյա Վրաստանի քաղաքացի, ծագումով չեչեն Գոջհա Սագնաձեն, ով հանդիսանում էր 1.5 տարի առաջ Ստամբուլի Աթաթուրքի օդանավակայանում իրականացված ահաբեկչության կազմակերպիչներից մեկը:Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից: Ըստ թուրքական «Airlinehaber» լրատվական կայքի՝ Սագնաձեն կալանավորվել է Թուրքիայի Տրապիզոն նահանգի Օֆ շրջանում: Նա ահաբեկչությունից հետո տեղափոխվել էր Տրապիզոն նահանգ և այնտեղ աշխատում էր թեյի պլանտացիաներից մեկում: Իրավապահ մարմինների կողմից իրականացված հարցաքննության ընթացքում պարզվել է, որ որոշ ժամանակ Սագնաձեն անդամակցել է «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպությանը: Նրա մոտից առգրավվել են լուսանկարներ, որոնք ապացուցում են ԻՊ-ի հետ նրա կապը: Նա նույնիսկ որոշ ժամանակ ապրել է ահաբեկչության մեկ այլ կազմակերպիչ Ահմեթ Չաթաևի տանը, ով մի քանի ամիս առաջ սպանվել էր վրացի հատուկ ջոկատայինների կողմից կազմակերպած օպերացիայի ընթացքում: Սագնաձեին առաջադրվել է «ահաբեկչական կազմակերպության անդամ» լինելու մեղադրանք: Հիշեցնենք, որ 2016թ, հունիսի 28-ին Աթաթուրք անվան օդանավակայանում իրականացված ահաբեկչական գործողության հետևանքով 46 մարդ էր զոհվել:
