ՆԳՆ մանրամասներ է հայտնում «Կանազ» մշակույթի տան հրդեհից․ տուժածներ կա՞ն
Փրկարար ծառայությունից նոր մանրամասներ են հայտնել «Կանազ» մշակույթի տանը բռնկված հրդեհի մասին. հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ» է հայտարարվել, կրակի մարման աշխատանքներում ընդգրկված է 11 մարտական հաշվարկ։
Հաղորդագրությունում նշված է.
«Մարտի 25-ին, ժամը 19։12-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատության պողոտայում գտնվող շինություններից մեկում հրդեհ է բռնկվել։
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի Ազատության պողոտայի 19 հասցեում գտնվող նախկին «Կանազ» մշակույթի տան չգործող չորսհարկանի շինությունում։
Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է «Թիվ 3 կանչ». դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ, երկու ջրատար, հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։
Կտրվի լրացուցիչ տեղեկություն»։
