Հավասարակշռված դիվանագիտություն VS Մանրադրամային քաղաքականություն
Հայաստանը պետք է ոչ թե աշխարհաքաղաքական բախումների թատերաբեմ լինի, ինչպես որ հիմա է, այլ դառնա շահերի համադրման կենտրոն՝ ունենալով հավասարակշռված դիվանագիտություն և զարգացնելով կապերը բոլոր ուղղություններով:
Օրվա իշխանությունն «էստի համեցեք» է ասում աշխարհի հակամարտող կողմերին՝ անունը դնելով հիբրիդային պատերազմ:
Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի թիվ մեկ հրահրողն օրվա իշխանությունն է:
Ինչպես ենք պատկերացնում հավասարակշռված դիվանագիտությունը:
1․ ԽՈՐԱՑՆԵԼ ՀԱՅ–ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
• Ձգտել այս հարաբերությունների մակարդակը բարեկամականից բարձրացնել ռազմավարականի: Կմշակվեն այդ երկրի հետ տարբեր ոլորտներում համատեղ զարգացման ծրագրեր, այդ թվում՝ զբոսաշրջության, էներգակիրների։
• Վրաստանի հետ տնտեսական կոոպերացիայի խորացումը և երկաթգծային հանգույցի գործարկմանն ուղղված ջանքերի ներդրումն ակտիվացվելու են, այդ թվում՝ հաշվի առնելով նաև Գյումրիում Ազատ տնտեսական գոտու ստեղծման հեռանկարը:
• Վրաստանի դերը կարևոր է կոմունիկացիոն խաչմերուկի ստեղծման գործում։
• Հայաստանը կարող է Ռուսաստան-Վրաստան հարաբերությունները կարգավորելու հարցում առնվազն հարթակ տրամադրողի և ակտիվ միջնորդի դեր կատարել, ինչպես նաև փորձել այդ հարաբերությունների կարգավորումը մաքսիմալ խրախուսել, ինչը բխում է մեր շահերից՝ աբխազական երկաթգծի ճանապարհն օգտագործելու նպատակով:
Մեր բիզնեսմեններն այսօր խնդիրներ են ունենում Վրաստանում. բեռները տևական ժամանակ այնտեղ են մնում: Դա հայ-վրացական ներկա հարաբերությունների արդյունք է, Հայաստանի իշխանության մեղավորությունը, քանզի սրանք, ի տարբերություն Վրաստանի իշխանության, մտել են մանրադրամային քաղաքականության մեջ ու դրանով իսկ, կամա թե ակամա, դարձել Վրաստանի իշխանության հակոտնյա ուժ, ինչից տուժում են Հայաստանը, մեր երկրի բիզնես դաշտը:
2․ ՀԱՅԱՍՏԱՆ – ԱՄՆ
Հայաստանը հավատարիմ է մնալու ԱՄՆ-ի հետ ձեռք բերված բոլոր համաձայնություններին՝ փոխլարցնելով դրանք և առավելագույնս պաշտպանելով հայկական շահը:
TRIPP-ի ծրագիրը կարող է կյանքի կոչվել մեր երկրի անկախության, իրավազորության և Ադրբեջանի հետ փոխադարձության սկզբունքով, ինչպես որ փաստաթղթում է նշված: Իսկ դա նշանակում է, որ մենք պետք է շաղկապենք այդ նախագծի կյանքի կոչումը Հայաստան-Իրան երկաթգծային և ավտոմոբիլային երաշխավորված կապի ապահովման հետ, այդ թվում՝ Նախիջևանի տարածքով: Բացի այդ՝ պետք է ապահովել Հայաստան-Ռուսաստան երկաթգծային ու ավտոմոբիլային երաշխավորված կապ Ադրբեջանի տարածքով՝ TRIPP-ով նախատեսված փոխադարձության սկզբունքին համահունչ:
3․ ՀԱՅԱՍՏԱՆ – ԵՄ
Այսօր ԵՄ-ն ունի ներքին խնդիրներ և չի պլանավորում ընդլայնվել: Կա տեսակետ, որ նույնիսկ այն կարող է փլուզվել։ Պետք չէ խաբել մեր ժողովրդին, թե, իբր, այնտեղ մեզ սպասում են: Եթե սպասեին էլ, ապա Հայաստանը նման խնդիր չպետք է դնի․ մենք ԵԱՏՄ–ում ենք և հսկայական օգուտներ ենք ստանում (միայն գազի գնի մասով մեր տնտեսությունը միջազգայինից ավելի քան 4 անգամ էժան վառելիք է ստանում՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով): Այլ հարց է եվրաստանդարտներով և իրական ժողովրդավարական արժեքներով մեզանում բարեփոխումներ անելը:
Հայաստան-ԵՄ հարաբերություններում կա չիրացված մեծ պոտենցիալ:
• Մենք կարող ենք մոտեցնել մեր իրավաքաղաքական և արժեքային դաշտը ԵՄ-ի ստանդարտներին, սակայն այս հարցում պետք է հաշվի առնենք և պահպանենք նաև մեր ավանդական արժեքների ողջ ծավալը՝ թույլ չտալով որ Հայաստանում կյանքի կոչվեն մեր ժողովրդին խորթ արժեքները. կա Հունգարիայի ու Լեհաստանի փորձը:
• Առավելագույն կարճ ժամկետում ՀՀ քաղաքացիների համար պետք է ապահովել դեպի ԵՄ երկրներ առանց վիզայի ռեժիմի այցերի հնարավորություն, ինչպես որ Վրաստանի դեպքում է։
․ ․ ․
Հավասարակշռված դիվանագիտությունը նշանակում է բիզնես, մշակութային ու կրթական կապերի խորացում Չինաստանի, Հնդկաստանի, արաբական երկրների և մեզ համար հետաքրքրություն ներկայացնող այլ երկրների հետ։
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
