Կառավարությունում գոհ են ֆեյք հոգևորականից, ասում են՝ աշխատանքներն իրականացնում է որակով, նաև պարգևատրվում է
Հանրային հեռուստաընկերություն հրավիրված ֆեյք հոգևորական Նշան Հովհաննիսյանը հարցազրույցից հետո կառավարությունում պաշտոնի է անցել։ Նրան նշանակել են Վարչապետի աշխատակազմի Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգողի պաշտոնում։
Aysor.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Վարչապետի աշխատակազմ՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն՝ այս ընթացքում ի՞նչ աշխատանքներ է նա կատարել, արդյո՞ք գոհացնում է Նշան Հովհաննիսյանի աշխատանքը։
Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Նշան Հովհաննիսյանը մասնակցել է կրոնի ու խղճի ազատությանն առնչվող՝ կառավարության և վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրմանը, ինչպես նաև իրականացրել է առանձին հարցերի համապատասխանության ուսումնասիրություն կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին, բաժնի պետի հանձնարարությամբ իրականացրել է մասնագիտական փորձաքննություն, իրականացրել է համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման վերաբերյալ իրավական ակտերի նախագծերի մասին եզրակացություններ։
«Նախապատրաստել է կրոնի ոլորտի մասին տեղեկատվական նյութեր ու տեղեկանքներ, կազմակերպել և մասնակցել է աշխատակազմ մուտք գործած՝ կրոնի հարցերին վերաբերող բոլոր տեսակի առաջարկությունների կամ խնդիրների լուծման նպատակով կազմակերպվող քննարկումներին, իրականացրել է բաժնի գործառույթներից բխող բաժնի պետի այլ հանձնարարություններ»,- ի պատասխան Aysor.am-ի հարցման՝ նշել են կառավարությունից։
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմում գոհ են Նշան Հովհաննիսյանից, ասում են՝ աշխատանքներն իրականացնում է «բավարար և անհրաժեշտ պատասխանատվությամբ ու որակով»։
Խնդրել էինք տրամադրել նաև տեղեկատվություն՝ այս ընթացքում Նշան Հովհաննիսյանը պարգևավճարներ ստացե՞լ է, թե՞ ոչ, և որքան։
Կառավարությունից հաստատել են, որ Նշան Հովհաննիսյանը պարգևավճարներ ստացել է, բայց թե որքան՝ տեղեկատվություն չեն տրամադրել՝ հաշվի առնելով «Տեղեկատվության ազատության մասին», «Անձնական տվյալների մասին» օրենքներով եւ Աշխատանքային օրենսգրքով նախատեսված հայցվող տեղեկատվության ազատության սահմանափակումները։
Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժին պետ Վարդան Ասցատրյանը հայտարարել էր, որ Նշան Հովհաննիսյանի պաշտոնը ակտիվ հանրային խոսք չի ենթադրում, վարչապետի աշխատակազմից հավաստիացրել են, որ Նշան Հովհաննիսյանն աշխատանքի ընդունվելուց ի վեր որևէ ԶԼՄ-ի հարցազրույց չի տվել:
Հիշեցնենք՝ հունիսի 27-ին Հանրային հեռուստաընկերությունը հարցազրույցի էր հրավիրել Նշան Հովհաննիսյանին ու նրան ներկայացրել, իբր, հոգևորական, մինչդեռ, տվյալ անձը 2017 թվականին կարգալույծ է հռչակվել, ընդ որում, երկու անգամ է կարգալույծ հռչակվել։ Նշան Հովհաննիսյանը, սակայն, իրեն դեռ համարում է «վարդապետ»։
